Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիայի քարտուղարությունն ընդունել է Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության (ՀԸ) դեմ ներկայացված դիմումը, որը նախաձեռնել է «Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանը:
Մասնավորապես, բողոքը վերաբերվում է ապրիլի 11-ին հայ-ադրբեջանական սահմանին՝ ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Տեղ գյուղում ծավալված գործողություններին: Թումասյանը «Մթավարի արխի»-ի դեմ խարտիա հայց է ներկայացրել երկու մասով. առաջին դեպքում ընդդիմադիր ՀԸ-ն՝ «Կրակոցներ հայ-ադրբեջանական սահմանին» վերնագրով հրապարակում է արել՝ հղվելով միայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը. հայկական կողմին հղում չի արվել:
«Սրանով «Մթավարի արխի»-ն խախտում է էթիկայի բալանսը»,- ասում է Թումասյանը:
Երկրորդ դեպքում հեռուստաընկերությունն իր ֆեյսբուքյան էջում ազդագիր է տեղադրել, որում նշվում է՝ «Ղարաբաղում 3 ադրբեջանցի և 4 հայ զինվոր է զոհվել»: Ըստ Թումասյանի՝ այստեղ, փաստացի, սխալ է ներկայացվում տեղեկությունը.
«Գործողությունները տեղի են ունեցել ապրիլի 11-ին՝ Տեղ գյուղի հատվածում, որը ոչ թե Ղարաբաղի, այլ Հայաստանի Հանրապետության տարածք է»:
Թումասյանը՝ խարտիայի քայլը դրական գնահատելով, ակնկալում է, որ այնպիսի որոշում կկայացվի, որով «Մթավարի արխի»-ի տեղեկատվությունը հրապարակայնորեն իրականությանը չհամապատասխանող կճանաչվի: Թումասյանը նկատում է՝ այս դեպքը առաջինը չէ՝ ինչպես «Մթավարի արխի»-ն, այլ լրատվամիջոցներ ևս քանիցս աղավաղել են լուրը:
«Մենք հիշում ենք «Իմեդի» հեռուստաընկերության կողմից (համարվում է իշխանական-խմբ.) «մածունիի» սյուժետը, որում հատված կա՝ «տոլման ադրբեջանական է, Ղարաբաղը նույնպես ադրբեջանակն է». որտեղ այսպիսի թեմաները ճիշտ նարատիվով չեն տարվում»,- նշում է Թումասյանն ու հավելում՝ «Մթավարի արխի»-ի կողմից ևս նման շատ դեպքեր են եղել:
Ըստ «Վրաստանի հայ համայնք» հարթակի ղեկավարի՝ նմանատիպ ապատեղեկատվությունն այնքան շատ է, որ հնարավոր չէ ուղղակի պատահականություն որակել, քանի որ շարունակաբար է տեղի ունենում: Նրա խոսքով՝ անգամ վարկած կա, որ նման դեպքերը միտումնավոր են արվում։ Կարևորում է՝ պետք է օրենքի մեխանիզմներով զսպել ապատեղեկատվության տարածումը:
«Ապատեղեկատվության տարածման տարբեր պատճառներ կարող են լինել: Բայց մենք գիտենք Ադրբեջանի փորձերը, այդ թվում՝ «Սոկար»-ի միջոցով ազդել վրաստանյան մամուլի վրա՝ դրանով լարվածություն բորբոքել հայ-վրացական հարաբերություններում, զարգացնել հայատյացությունը Վրաստանում»,- եզրափակեց Թումասյանը: