Վրաստանյան քաղաքական և հասարակական դաշտն արդեն երկրորդ շաբաթն է քննարկում է BBC-ի լրագրողական հետաքննության բացահայտումը, ըստ որի՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար (ՊՆ) և «Ֆորմուլա» հեռուստաընկերության հիմնադիր Դավիթ Կեզերաշվիլին կապ ունի կիբերխարդախության միջազգային ցանցի հետ:
Այսպիսով, ՊՆ նախկին նախարարը` հայտնվելով կիբերխարդախության կիզակետում, վրաստանյան քաղաքական դաշտ բերեց ընդդիմադիրների և իշխանության հակասական հայտարարությունները՝ այդպիսով էլ ավելի բորբոքելով առանց դրա էլ չհանդարտվող ներքաղաքական իրավիճակը:
Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում հնարավոր է համարում, որ Կեզերաշվիլին իրապես այդ ցանցի մաս է կազմել և այդ ճանապարհով միլիոնավոր դոլարներ է կուտակել:
«Ես հավատում եմ BBC-ի հետաքննությանը, քանի որ ժամանակին Կեզերաշվիլին ունեցել է դրանով զբաղվելու ցանկացած ռեսուրս: Եվ լավ է, որ Կեզերաշվիլին արձագանքել է հետաքննությանն ու փորձելու է բողոքարկել մեղադրանքը. եթե իսկապես արդար է, թող բողոքարկի»,- ասաց կոնֆլիկտաբանը:
Ըստ Զաքարեիշվիլիի՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Կեզերաշվիլիի գործոնն օգտագործում է ևս մեկ անգամ ընդդիմությանն ինչ-որ հարցում մեղադրելու համար, և ԵՄ ինտեգրման ճանապարհին իրենց իսկ չարած քայլերն արդարացնելու նպատակով ընդդիմությանը պիտակավորելու համար: Նրա խոսքով, հիմա էլ Կեզերաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակն են շրջանառում՝ գիտակցելով, որ դրանով իսկ վնաս են հասցնում ԵՄ-ին Վրաստանի ինտերգրմանը:
«BBC-ի լրագրողական հետաքննությունն ապացուցում է, որ Կեզերաշվիլին ոչ թե կապ ունի կիբերխարդախության հետ, այլ հենց ինքն է դրա հեղինակը»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ընդգծեց վերլուծաբան Զաալ Անջափարիձեն:
Անջափարիձեն պնդում է՝ հետաքննությունն ամեն կերպ փաստում է, որ Կեզերաշվիլին այդ ցանցի կարևոր «խաղացողներից» է: Վերլուծաբանի խոսքով, ընթացող իրադարձությունները (նկատի ունի ընդդիմության և իշխանությունների հակասական մեկնաբանությունները- խմբ.) ամենևին էլ նպատակաուղղված չեն Կեզերաշվիլիի՝ երբևիցե Վրաստանի քաղաքական դաշտում լինելը վարկաբեկելուն: Ըստ նրա՝ Կեզերաշվիլիի հարստանալը բոլորի համար է կասկածելի, քանի որ դրա աղբյուրներն անհայտ են:
«Իմ կարծիքով, Կեզերաշվիլին հիմա փորձում է Վրաստանում դառնալ ընդդիմադիրների գլխավոր հովանավորը»,- հավելեց Անջափարիձեն:
Ի դեպ, BBC-ի լրագրողական հետաքննության համաձայն՝ Կեզերաշվիլին կանգնած է կիբերխարդախության միջազգային ցանցի թիկունքում, որը խաբեությամբ ավելի քան մեկ միլիարդ դոլար է վաստակել։
Կեզերաշվիլին հայտարարել է, որ երբեք կապ չի ունեցել «քոլ կենտրոնների» հետ։ Նաև հայտարարել է, որ հրաժարվում է հեռուստաընկերության վերահսկողական փաթեթից և բաժնեմասի կեսը կփոխանցի կոլեկտիվին։
Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլիի խոսքով, եթե Կեզերաշվիլիի հետ կապված որևէ հետաքննություն լինի, ապա անպայման դրան պատասխան կտրվի:
Ընդգծենք՝ Կեզերաշվիլին Վրաստանի ՊՆ նախարար է եղել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք՝ 2006 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2008 թվականի դեկտեմբերի 5-ը: 2019 թվականի սեպտեմբերի 5-ից «Ֆորմուլա» հեռուստաընկերության բաժնետոմսերի մեծ մասը նրա տնօրինության տակ է եղել: