«Վիրահայերի միություն» կազմակերպության գրասենյակում երեկ կայացավ հանդիպում Վրաստանի հայ համայնքի և Վրաստանի խորհրդարանի պատգամավորների և Թբիլիսիի սակրեբուլոյի ներկայացուցիչների միջև։
Կազմակերպության ղեկավար Մարի Առաքելովան լսարանին ներկայացրեց խոսնակներին՝ Վրաստանի խորհրդարանի Գենդերային խորհրդի նախագահ Նինո Ծիլոսանիին, Թբիլիսիի սակրեբուլոյի էթնիկ փոքրամասնությունների խորհրդի նախագահ Ռիտա Խիդիրբեգիշվիլիին և պատգամավոր Ռիմա Բերաձեին։ Հավաքվածները, որոնք տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ էին, ուսանողներ ու կանայք և պարզապես համայնքի անդամներ, թեմատիկ հարցեր ուղղեցին խոսնակներին։
«Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթը նշեց, որ կարևորում է էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների ներգրավվածությունը պետական համակարգերում, ինչին ի պատասխան` Ծիլոսանին արձագանքեց, որ դա ողջունելի է, և մեծամասնական պատգամավորներն ակտիվորեն ներգրավված են բոլոր ծրագրերում։
Ուսանողներից մեկը հարց հնչեցրեց հասարակական հատվածի և քաղաքական կուսակցությունների միջև համագործակցության վերաբերյալ, ինչին Ծիլոսանին պատասխանեց․ «Վերջին իրադարձությունների ֆոնին երևի հասարակական հատվածը «նեղացած» է կառավարությունից, սակայն մենք պատրաստ ենք համագործակցել` քաղաքական հայացքներից անկախ»։
«Ալիք Մեդիա»-ն հանդիպման վերջում զրուցեց Նինո Ծիլոսանիի հետ։ Վերջինս ամփոփեց հանդիպումը։
«Անչափ հետաքրքիր հանդիպում ունեցանք, մեր բոլոր սպասելիքները գերազանցեց։ Լսարանից հետաքրքիր հարցեր հնչեցին, ուշագրավ մեկնաբանություններ լսեցինք, նրանք կիսվեցին իրենց փորձով և խորհուրդներով։ Այս հանդիպումը մեզ հնարավորություն տվեց տեղեկանալու մարզերի խնդիրների մասին, նաև պլանավորեցինք հանդիպումներ կազմակերպել ուսանողների և Սամցխե-Ջավախեթիի բնակիչ կանանց հետ, նրանց առողջապահական թեմայով խորհրդատվություն տրամադրելու համար», — ասաց Ծիլոսանին։
Մարի Առաքելովան ևս, գնահատելով հանդիպումը, նշեց, որ վիրահայ համայնքի շահերից են բխում նման հանդիպումները` հասարակությանն ինտեգրվելու և նրա մասնիկը դառնալու համար․
«Շատ կարևոր է մեզ համար այսպիսի միջոցառումների կազմակերպումը, քանի որ համայնքն անպայման պետք է ներգրավված լինի պետական ծրագրերում, իմանա, թե ինչպես կարող է օգտվել դրանից։ Նաև` կարողանա ներկայացնել իրեն հուզող խնդիրները, թյուրըմբռնումները և ստանա անհրաժեշտ պատասխան պատկան մարմիններից», — ասաց Մարի Առաքելովան «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում։