Նինոծմինդայի մանկատանը երեխաների նկատմամբ բռնության գործն ուղարկվել է Ստրասբուրգի դատարան, որտեղ մանկատան սաների շահերը կպաշտպանի «Սափարի» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։
ՀԿ-ն հայց է ներկայացրել մանկատան հինգ նախկին սաների անունից։
«Մենք խնդրում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ուսումնասիրել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ (խոշտանգումների և անմարդկային/նվաստացնող վերաբերմունքի արգելում) և 8-րդ (մասնավոր և ընտանեկան կյանքի պաշտպանության իրավունք) հոդվածների խախտումը», — հայտնում է «Սափարին»։
Կազմակերպությունը պնդում է, որ հաստատությունը տարիներ շարունակ ոտնահարել է երեխաների իրավունքները, չնայած որ պետությունը տեղյակ է եղել այս մասին։
Նինոծմինդայում գտնվող մանկատունը սկզբում գործել է պատրիարքարանի հովանավորության ներքո, այնուհետև 2015 թվականին պետական լիցենզիա է ստացել, սակայն դրանից հետո երկու անգամ տուգանվել է՝ 2017 և 2018 թվականներին՝ երեխաների խնամքի չափանիշները խախտելու համար։
Մանկատան շուրջ աղմկահարույց սկանդալ սկսվեց 2021-ին՝ Հանրային պաշտպանի հայտարարությունից հետո․ վերջինիս տարածած հրապարակային տեղեկատվությունում խոսվում էր աշակերտների նկատմամբ բռնությունների մասին։ Այս հայտարարությունների հիման վրա Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել, բողոքի ակցիաներ են սկիզբ առել, իսկ Թբիլիսիի քաղաքային դատարանը պետական մարմիններին հանձնարարել էր կազմակերպել երեխաներին տեղափոխումը Նինոծմինդայի մանկատնից՝ նրանց կյանքին և առողջությանը սպառնացող հնարավոր վտանգների հիման վրա։
2021-ից 12 անչափահաս մանկատնից վերադարձվել է կենսաբանական ընտանիք, իսկ 22 երեխա տեղափոխվել է խնամակալության այլ ձևերի՝ ընտանեկան տիպի կամ խնամատար ընտանիք։