Վրաստանի պաշտպանության նախկին (ՊՆ) նախարար և «Ֆորմուլա» հեռուստաընկերության (ՀԸ) սեփականատեր Դավիթ Կեզերաշվիլին հայտարարել է, որ հրաժարվում է հեռուստաընկերության վերահսկողական փաթեթից և բաժնեմասի կեսը կփոխանցի կոլեկտիվին։ Կեզերաշվիլիի հայտարարությունը հրապարակել է «Ֆորմուլա»-ն։
«Որոշումը հետևյալն է՝ հրաժարվում եմ «Ֆորմուլայի» վերահսկիչ փաթեթից և գործող բաժնեմասի կեսը փոխանցում եմ հեռուստաընկերության կոլեկտիվին։ Իսկ օլիգարխիկ իշխանության ավարտից հետո մնացած մասնաբաժինն ամբողջությամբ կփոխանցեմ «Ֆորմուլայի» կոլեկտիվին։
Իվանիշվիլիի գործոնի անհետացումից և արևմտյան տարածություն Վրաստանի վերջնական մուտքից հետո, վստահ եմ, որ ազատ մեդիան նույնիսկ առանց իմ մասնակցության կունենա ապրուստի շատ այլ աղբյուրներ, և այստեղ լրատվամիջոցների աջակցության և ընդհանրապես վրացական քաղաքականության մեջ իմ բոլոր տեսակի գործունեությունը կավարտվի»,- ասել է ՊՆ նախկին նախարարը:
Նա նաև հավելել է՝ չնայած իր շուրջ ստեղծված «բարդ միջավայրին», չի կարող վերջնականապես հեռանալ գործընթացներից․ «Ինչպես հեռու մնամ ամեն ինչից, երբ կարող եմ թեկուզ մեկ աղյուս դնել ռուսական օլիգարխիայի դեմ պայքարում»։
Կեզերաշվիլին՝ անդրադառնալով BBC-ի հետաքննական զեկույցին, ասել է, որ դրա հետ կապված մի շարք անճշտություններ են եղել, որոնք «ընդհանուր պատկերում փորձել են ուժեղացնել նախկինում հորինված մեղադրանքը»։
«Ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի դատարանում ապացուցեմ հետաքննական հոդվածում ներկայացված մեղադրանքների անարդարությունը: Ես լիովին վստահում եմ բրիտանական արդարադատության համակարգին և վստահ եմ, որ այն կհաստատվի իմ փաստաբանական թիմի փաստարկներով, որն արդեն իսկ պատրաստել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը»,- ասել է Կեզերաշվիլին:
Ի դեպ, BBC-ի լրագրողական հետաքննության համաձայն՝ Կեզերաշվիլին կանգնած է կիբերխարդախության միջազգային ցանցի թիկունքում, որը խաբեությամբ ավելի քան մեկ միլիարդ դոլար է վաստակել։