Երեկվա օրը համառոտ. ապրիլի 17

Բրիտանական The Guardian հեղինակավոր պարբերականը հոդված է հրապարակել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի մասին` հետևյալ վերնագրով. «Հյուծված և ուրվականի նման՝ Վրաստանի բանտարկված նախկին նախագահը հիվանդանոցում մահվան շեմին է… Թբիլիսիի հիվանդանոցում փակված Միխեիլ Սաակաշվիլին կամաց-կամաց անհետանում է»:

Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեն չի բացառում, որ պաշտպանության նախկին նախարար և «Ֆորմուլա» հեռուստաընկերության սեփականատեր Դավիթ Կեզերաշվիլիի նկատմամբ նոր գործ կհարուցվի։

Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլիի խոսքով, եթե Կեզերաշվիլիի հետ կապված որևէ հետաքննություն լինի, ապա անպայման դրան պատասխան կտրվի:

Թուրքիայում Վրաստանի դեսպանությունը կապի մեջ է Սուդանում գտնվող Վրաստանի քաղաքացիների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ, InterPressNews-ին հայտնել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից (ԱԳՆ)։

Wizz Air ավիաընկերությունը ներողություն է խնդրում իր ամսագրում Աբխազիան որպես առանձին պետություն հիշատակելու համար։

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տեղեկատվության և վերլուծական վարչության տվյալներով՝ 2023 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում տրվել է 1 739 վարորդական իրավունքի վկայական։

Լաշա Տալախաձեն ճանաչվել է Եվրոպայի 2022 թվականի լավագույն ծանրորդ, հայտարարել է Վրաստանի ծանրամարտի ազգային ֆեդերացիան։

Դեղագործական ընկերությունների ասոցիացիան հայտարարություն է տարածել, ըստ որի` թուրքական շուկայի որոշ դեղամիջոցներ ուշացումով են մատակարարվում։

Հոկեյի աշխարհի առաջնությունը մեկնարկեց Վրաստանի հավաքականի հաղթանակով։ Երկրորդ դիվիզիոնի A խմբի առաջին փուլում վրացի հոկեյիստները 4-1 հաշվով հաղթեցին Իսլանդիայի հավաքականին։