Բրիտանական The Guardian հեղինակավոր պարբերականը հոդված է հրապարակել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի մասին` հետևյալ վերնագրով. «Հյուծված և ուրվականի նման՝ Վրաստանի բանտարկված նախկին նախագահը հիվանդանոցում մահվան շեմին է… Թբիլիսիի հիվանդանոցում փակված Միխեիլ Սաակաշվիլին կամաց-կամաց անհետանում է»:
Հոդվածի հեղինակ Շոն Ուոքերը գրել է, որ Սաակաշվիլին 15 տարի առաջ զգուշացրել է աշխարհին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հավակնությունների մասին, իսկ հիմա նա (Սաակաշվիլին- խմբ.) խոսում է դեպի Մոսկվա շարժվող ռեժիմի (նկատի ունի Վրաստանի իշխանությանը- խմբ.) կողմից իր հանդեպ խոշտանգումների մասին։
Հոդվածի հեղինակը հենվում է տարբեր բժիշկների ու փորձագետների գնահատականներին և գրում, որ Սաակաշվիլիի առողջական վիճակը «լրջորեն վատացել է»։ Ուոքերը խոսում է նաև երրորդ նախագահի վերաբերյալ արևմտյան գործընկերների գնահատականների մասին։ Նա նշում է, որ շատերը Սաակաշվիլիի ազատազրկումը համարում են քաղաքական վենդետա։
«Այն մարդու բանտարկությունը, որն իր երկիրը դրել է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին, Վրաստանի արևմտյան շատ դաշնակիցների կողմից դիտվում է որպես Մոսկվայի ազդեցության ուղեծիր վերադառնալու խորհրդանիշ: Թեև վրացական հասարակությունն ակնհայտորեն արևմտամետ է, նրա կառավարությունը մեղադրվում է ռուսական հրամանները գաղտնի կատարելու համար»,- ասվում է հոդվածում։
Հեղինակը գրում է նաև, որ Վրաստանի կառավարության և ժողովրդի դիրքորոշումները տարբերվում են միմյանցից։ Հարցի վերաբերյալ հեղինակը հիմնվում է տարբեր կարծիքների վրա. նրան պատասխանողներից մեկը «Ժողովրդավարության ինդեքս»-ի ղեկավար Էկա Ցիմակուրիձեն է։
Հոդվածի հեղինակի կարծիքով՝ երկրի զգալի մասն արևմտամետ է, սակայն, ըստ քննադատների, իշխող «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած կառավարող թիմը սաբոտաժ է անում Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։
Ուոքերը խոսում է նաև ուկրաինական պատերազմի և դրա նկատմամբ Վրաստանի կառավարության վերաբերմունքի մասին։ Հոդվածի հեղինակը նաև նշում է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա նոր հնարավորություններ է ստեղծել Վրաստանի և նմանատիպ երկրների համար, և Սաակաշվիլիի ազատազրկումը «գուցե ամենամեծ խոչընդոտն է Վրաստանի ԵՄ ճանապարհին դրական որոշման համար՝ հաշվի առնելով Լեհաստանում և Բալթյան երկրների կառավարություններում հզոր աջակցությունը Սաակաշվիլիին»։