Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը վստահեցրել է՝ Եվրամիության դուռը բաց է Վրաստանի համար, և Վրաստանը մինչև դեկտեմբեր պետք է ներս մտնի այդ դռնից։ «Հետևի դուռ չկա, այլ դուռ չկա»,- Interpressnews․ge-ին տված հարցազրույցում ասել է դեսպանը:
«Մենք ցանկանում ենք Վրաստանը տեսնել Եվրամիությունում և կաջակցենք ձեզ այդ ճանապարհին: Դուք Բեռլինում ունեք ընկերներ, որոնց վրա կարող եք հույս դնել»,- ասել է Գերմանիայի դեսպանը։
Նա նաև անդրադարձել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկի Վրաստան այցին՝ նշելով, որ այցը հաջող անցավ․
«Հանդիպումների ընթացքում հիմնական շեշտադրումը դրվել է դեպի Եվրամիություն Վրաստանի ուղու վրա, ավելի կոնկրետ՝ 2023 թվականի դեկտեմբերին կայանալիք որոշման վրա՝ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ կտրամադրվի՞, թե՝ ոչ։ Նա ասաց, որ Վրաստանի ԵՄ անդամության թեկնածություն ստանալը ուզում է ինչպես ԵՄ-ը, այդպես էլ առանձին Գերմանիան»։