Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության ֆեյսբուքյան էջում ապրիլի 14-ի՝ մայրենի լեզվի օրվա կապակցությամբ, գրառում է կատարել։
Ղարիբաշվիլին նշել է՝ այս տարի լրանում է 1978 թվականի ապրիլի 14-ի աննախադեպ խաղաղ ցույցի 45-րդ տարեդարձը, երբ վրաց ժողովուրդը կանգնեց Խորհրդային իշխանության դեմ, որը փորձ էր անում նոր Սահմանադրությամբ վերացնել վրաց լեզվի պետական կարգավիճակը։
Ըստ վարչապետի՝ վրացիները հաղթեցին իրենց մայրենի լեզուն պաշտպանելու ճակատամարտում։
«Խորհրդային Միության պատմության մեջ առաջին անգամն էր, որ ռեժիմը նահանջեց ժողովրդական ցույցերի արդյունքում։ Այս հաղթանակը օրինակելի դարձավ մյուս հանրապետությունների համար և ազդեց նրանց սահմանադրությունների վերջնական տարբերակի ձևավորման վրա», — գրել է վարչապետը։
Ղարիբաշվիլիի խոսքով, ապրիլի 14-ը վրաց ժողովուրդն ինքը դարձրեց վրաց լեզվի օր։ Վարչապետի գնահատմամբ՝ մայրենի լեզուն վրաց ժողովրդի ինքնության, միասնության և ուժի հիմնական որոշիչներից է։
«Վրաց լեզվի պաշտպանության և զարգացման համար ստեղծվել է պետական լեզվի 10-ամյա ռազմավարություն, որն արդեն հաստատել է Վրաստանի կառավարությունը»: