Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարին աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի հետ, քննարկել են կրթական և գիտական այն նախագծերը, որոնք իրականացվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցությամբ։
Գիորգի Ամիլախվարին շնորհակալություն է հայտնել Քելի Դեգնանին կրթության և գիտության ոլորտների զարգացմանն աջակցելու համար և նշել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները երկար տարիներ Վրաստանում տարբեր ուղղություններով լայնածավալ նախաձեռնություններ է իրականացնում, ինչը զգալիորեն նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը։
Ըստ հաղորդագրության՝ նախարարն իր լիակատար պատրաստակամությունն է հայտնել Վրաստանի կրթական համակարգում համատեղ կրթական ծրագրերի ներդրմանն աջակցելու առումով։ Նրա խոսքով, երկրի գլխավոր ռազմավարական գործընկերոջ կողմից իրականացվող կրթական ծրագրերը հնարավորություն են ստեղծում, որ երիտասարդներն ստանան բարձրորակ, միջազգային մակարդակի կրթություն։