Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի շրջանային բաժնի ծառայողները ձեռնարկված թեժ հետախուզման օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ոստիկանների վրա հարձակվելու մեղադրանքով 3 անձի են ձերբակալել։
Ըստ ՆԳՆ-ի՝ ձերբակալվել են 2003 թվականին ծնված Ա.Բ.-ն, նույն թվականին ծնված Գ.Օ.-ն և 2002 թվականին ծնված Է.Կ.-ն։
«Հետաքննությամբ պարզվել է, որ այս տարվա ապրիլի 12-ին անսթափ վիճակում գտնվող Ա.Բ.-ն Մառնեուլի-Սադախլո ճանապարհահատվածում մեքենա վարելիս արտակարգ իրավիճակ է ստեղծել, որից հետո պարեկային ոստիկանության ներկայացուցիչները նրան հրահանգել են կանգնեցնել մեքենան։ Վարորդը չի ենթարկվել իրավապահների հրահանգին և շարունակել է ճանապարհը Մառնեուլիի մունիցիպալիտետի գյուղերից մեկի ուղղությամբ, սակայն չի կարողացել ապահովել երթևեկության անվտանգությունը, կորցրել է մեքենայի կառավարումն, որն էլ կողաշրջվել է։
Ա.Բ.-ն և նրա հետ ավտոմեքենայում գտնվող անձինք՝ Գ.Օ.-ն և Է.Կ.-ն, հայհոյել են և ֆիզիկական վնասվածքներ են հասցրել իրավապահներին, վնասել են նաև ՆԳՆ հաշվեկշռում գտնվող ավտոմեքենան։ Միջադեպի ժամանակ դեպքի վայրում հավաքվել է տեղի բնակիչների մի մասը. նրանք թույլ չեն տվել իրավապահներին ձերբակալել միջադեպին առնչվող անձանց, որոնց հաջողվել է ճողոպրել դեպքի վայրից։ Ձեռնարկված օպերատիվ որոնողական և քննչական գործողությունների արդյունքում հանցագործության մեջ մեղադրվող վարորդը և նրա երկու ուղևորները շուտով ձերբակալվել են ոստիկանների կողմից,- նշված է հաղորդագրության մեջ։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ ոստիկանների վրա հարձակումը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-ից 7 տարի ժամկետով: