Վրաստանի պաշտպանության նախկին նախարար և «Ֆորմուլա» հեռուստաընկերության սեփականատեր Դավիթ Կեզերաշվիլին հայտարարել է, որ երբեք կապ չի ունեցել «քոլ կենտրոնների» հետ։
Կեզերաշվիլիի խոսքով, ինքը մտադիր է օգտագործել բոլոր իրավական լծակները BBC-ի հետաքննական նյութերում առկա «փաստերի անճշտությունն» ապացուցելու համար։
«Կցանկանայի ևս մեկ անգամ հակիրճ նշել, որ ես որևէ առնչություն չունեմ և երբեք չեմ ունեցել BBC-ի հարթակում հրապարակված քննչական նյութում նկարագրվածի հետ։ Թեև բրիտանական հանրային հեռարձակումը համարում եմ լրագրողական բարձր չափանիշներով լրատվամիջոց, սակայն սա այն դեպքն է, երբ հրապարակման հետ կապված բազմաթիվ հարցեր ունեմ ինձ հետ առնչվող խնդիրների վերաբերյալ»,- ասել է Կեզերաշվիլին:
Կեզերաշվիլի նշել է, որ բացարձակ պատասխանատվությամբ հայտարարում է՝ երբեք չի մասնակցել նման սխեմաների, հետևաբար չի պատրաստվում անտեսել այն վնասը, որ իրեն պատճառում է BBC-ի նյութը` հատկապես այն ֆոնին, երբ վրացական իշխանությունները քաղաքականացված արդարադատություն են իրականացնում իր նկատմամբ:
Ըստ Կեզերաշվիլիի՝ դա իշխող կուսակցության ձեռնարկած նախընտրական հարձակում է «Ֆորմուլա» հեռուստաընկերության դեմ, որը ճանաչված է մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից և ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցներում։
«Բրիտանական հանրային հեռարձակվող հարթակում ես կօգտագործեմ իրավական բոլոր լծակները ապացուցելու համար հեռարձակված նյութում առկա և՛ փաստերի անճշտությունը, և՛ դրանց սխալ մեկնաբանության հետևանքով արված կեղծ ենթադրությունները, և դա երկար սպասեցնել չի տա»,- ասել է Կեզերաշվիլին:
Ի դեպ, BBC-ի լրագրողական հետաքննության համաձայն՝ Կեզերաշվիլին կանգնած է կիբերխարդախության միջազգային ցանցի թիկունքում, որը խաբեությամբ ավելի քան մեկ միլիարդ դոլար է վաստակել։