Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներ Խաթունա Սամնիձեն և Թամար Կորձաիան ճեպազրույցում հայտարարել են, որ քննչական հանձնաժողովի ստեղծման հարցի քվեարկությունը տեղի կունենա ապրիլի 18-ին։
Բանաձևի նախագծի համաձայն՝ Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի կողմից քննվող հարցերն են՝ դատական համակարգում դատավորների ազդեցիկ խմբի առկայությունը, արդարադատության իրականացմանը, ընտրությանը ապօրինի միջամտող կլանը, դատավորների առաջխաղացումը, դատավորների վրա ապօրինի ազդեցության ենթադրյալ փաստերը, կոռուպցիան և նեպոտիզմը: Հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երեք ամիս է։
Ինչպես նշել է Սամնիձեն, քվեարկությանը մասնակցելու մասին իրենց գործընկերներին տեղեկացնելու համար ընդդիմության հինգ պատգամավորներ անձամբ կկապվեն մյուսների հետ։
Կորձաիան նշել է՝ իրենք արդեն խորհրդակցել են խմբակցությունների ու քաղաքական խմբերի ղեկավարների հետ։
Ի դեպ, ապրիլի 11-ին, մինչ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիից հետաքննող հանձնաժողով ստեղծելու նպատակով խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու հարցի վերաբերյալ պատասխան ստանալը, ընդդիմադիր պատգամավորները փոխել են իրենց որոշումը։ Ապրիլի 10-ին Կորձաիան հայտարարել էր, որ ՄԱՇ խմբակցության անդամներ Լևան Խաբեիշվիլին և Անի Ծիթլիձեն մեկնել են արտերկիր, ինչին իրենք տեղյակ չէին հայտարարությունը նախագահին ուղարկելիս։
Ընդգծենք՝ դատարանի հարցը հատուկ հրատապություն է ձեռք բերել ապրիլի 5-ին։
Ապրիլի 5-ին ԱՄՆ-ը որոշում է կայացրել վիզային պատժամիջոցներ կիրառել Վրաստանի երեք ներկա և մեկ նախկին դատավորների նկատմամբ։ Նրանք են` Թբիլիսիի վերաքննիչ դատարանի նախագահ Միխեիլ Չինչալաձեն, Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ և վերաքննիչ դատարանի դատավոր Լևան Մուրուսիձեն, Թբիլիսիի վերաքննիչ դատարանների փոխնախագահ Իրակլի Շենգելիան, Թբիլիսիի վերաքննիչ դատարանների նախկին նախագահ Վալերիան Ցերցվաձեն (նախկին դատավոր): Պատժամիջոցը տարածվում է նաև նրանց ընտանիքների անդամների վրա։
Դատավորների նկատմամբ պատժամիջոցը՝ «առաջին ծիծեռնակ». կարծիքներ