Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ռիկոթիի լեռնանցքը բեռնատարների համար կբացվի այսօր, իսկ թեթև տրանսպորտային միջոցների համար` վաղվանից՝ ապրիլի 13-ից:
Ըստ դեպարտամենտի՝ թափված քարերը մաքրելուց և երեսպատումից հետո ողջ գիշեր շարունակվել են թեքության, ճանապարհի մաքրման ու լայնացման աշխատանքները։
«Կատարված աշխատանքների արդյունքում Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե միջազգային ավտոճանապարհի 114-194 կմ հատվածում կեսօրից հետո երթևեկությունը կվերականգնվի միայն բեռնատարների համար:
Քանի որ ապրիլի 11-ին հնարավոր չէր բեռնատարներով փոխադրումներ իրականացնել սահմանված ռեժիմով, ապրիլի 12-ին Ռիկոթիի հատվածով երթևեկելու են միայն բեռնատարները: Ապրիլի 12-ին թեթև մարդատար ավտոմեքենաները կրկին կկարողանան շարժվել Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ուղղությամբ»,- փոխանցում է ավտոճանապարհների դեպարտամենտը։
Ապրիլի 13-ին, ժամը 07:00-ից, Ռիկոթիի հատվածում երթևեկությունը կվերականգնվի հատուկ ռեժիմով, այն է.
- ժամը 07:00-19:00-ն Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 114-194 կմ-ում երթևեկությունը կթույլատրվի միայն թեթև տրանսպորտային միջոցների համար:
- ժամը 21:00-ից մինչև 06:00-ն նույն հատվածով կթույլատրվի միայն բեռնատարների տեղաշարժը: