Էյֆելյան աշտարակի երկայնքով ծրագրվում է 2,5 մետր երկարությամբ ապակյա պաշտպանիչ պատ կառուցել:Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով Փարիզի քաղաքապետարանին: Ծրագրվում է ապակյա կառույցով փոխարինել 2016 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ տեղադրված մետաղական պարիսպը: Միջոցները ձեռնարկվում են՝ աշտարակը ահաբեկչական հարձակումներից պաշտպանելու համար: Էյֆելյան աշտարակը, Փարիզի մյուս տեսարժան վայրերի հետ միասին փակվել էր այցելությունների համար՝ 2015-ի նոյեմբերի 13-ի երեկոյան կատարված ակաբեկչություններից հետո: Այն ժամանակ ահաբեկիչների հարձակումների հետևանքով 130 մարդ էր զոհվել:
Ֆրանսիական մայրաքաղաքի իշխանությունները կարծում են, որ աշտարակի շուրջ ամրացվող ապակե վահանները մի քանի խնդիր են լուծում. «Մենք երեք նպատակ ունենք՝ բարելավել արտաքին տեսքը, հասանելիությունը հեշտացնել, ուժեղացնել այցելուների և անձնակազմի պաշտպանության աստիճանը»,- ասել է Փարիզի քաղաքապետարանի զբոսաշրջության հարցերով պատասխանատու Ժան-Ֆրանսուա Մարտենը: «Le Parisien» թերթին Մարտենն ասել է, որ պատը կառուցելու համար մոտ 20 մլն. եվրո կպահանջվի, սակայն վերջնական բյուջեն հաստատված չէ:
Փարիզի քաղաքպետարանի ծրագիրը իրականություն կդառնա, այն դեպքում, երբ դրան հավանություն տա շրջակա միջավայրի պահպանության նախարարության մշակութային հուշարձանների հսկողության հատուկ հանձնաժողովը: