Վրաստանի կառավարությունը հիվանդների բժշկական ծառայությունների դիմաց վճարի չափաբաժնի վերին շեմ է սահմանել։ Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ապրիլի 10-ին կառավարության նիստում քննարկվել է համապատասխան որոշումը։
Ըստ կառավարության հաղորդագրության՝ կենսաթոշակային տարիքի անձանց համար համավճարի մասնաբաժինը կկազմի 10 տոկոս, սակայն թոշակառուն կմուծի առավելագույնը 500 լարի։
Առողջապահության նախարարության պարզաբանմամբ` սա նշանակում է, որ կոնկրետ բժշկական ծառայությունների համար թոշակառուն ստիպված չի լինի վճարել 500 լարիից ավելի։ Եթե նույնիսկ ծառայության վճարի 10 տոկոսը լինի 500 լարիից ավելի, միևնույն է` թոշակառուն վճարելու է 500 լարի, իսկ մնացածը հավելելու է պետությունը։
0-5 տարեկան երեխաների, հաշմանդամ երեխաների, ծանր հաշմանդամություն ունեցող անձանց և ուսանողների համար վերին շեմը կկազմի 20 տոկոս, սակայն 1000 լարիից ոչ ավելի։
Հիմնական փաթեթից օգտվողների համար (ըստ նախարարի՝ այն անձանց, որոնց ամսական եկամուտը 3500 լարիից պակաս է) սահմանաչափը կկազմի 30 տոկոս, սակայն` 1500 լարիից ոչ ավելի։