Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ապրիլի 10-ին ԵԱՀԿ գործող նախագահի, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ քննարկել է տարածաշրջանում առկա իրադարձությունները և Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակը՝ տարածաշրջանի և Եվրոպայի անվտանգության համատեքստում։ Այս տեղեկությունը տարածել է նախագահի մամուլի գրասենյակը։
Հաղորդագրության համաձայն, հանդիպմանը շոշափվել է ուկրաինական պատերազմը՝ որպես տարածաշրջանի և Եվրոպայի անվտանգության մարտահրավեր, և ընդգծվել է կովկասյան տարածաշրջանում խաղաղության կարևորությունը։
«Վրաստանի նախագահը ԵԱՀԿ նախագահի պաշտոնակատարին տեղեկացրել է Վրաստանի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների և հումանիտար իրավիճակի մասին։
Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ-ին` արդյունավետ համագործակցության, ժողովրդավարության ամրապնդման, էական բարեփոխումների իրականացման առումով ԵԱՀԿ-ի աջակցության համար, ինչն այնքան անհրաժեշտ է Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի համար, հատկապես հիմա, երբ երկիրը սպասում է թեկնածության կարգավիճակին»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ ԵԱՀԿ-ի նախագահի պաշտոնակատարն իր պատրաստակամությունն է հայտնել էլ ավելի ամրապնդելու աջակցությունը երկրի ինստիտուցիոնալ բարեփոխումներին: