Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու խոսքով` իր գործընկերները տեղեկացրել են, որ վրացական լրատվամիջոցները ճնշումների են ենթարկվում։ Այս հայտարարությունը Հերչինսկին արել է մարզային հեռարձակողներին տված հարցազրույցում։
Դեսպանի գնահատմամբ՝ ազատ մամուլը ժողովրդավարության ողնաշարն է, իսկ ԶԼՄ-ների ազատությունը Եվրամիության հզորությունն ապահովող հիմնարար խնդիրներից է, հատկապես հիմա՝ պատերազմի ժամանակ, երբ գործընթացները հիմնված են ապատեղեկատվության, քարոզչության և տեղեկատվական մանիպուլյացիայի վրա։
«Լրատվամիջոցների ազատությունը չափազանց կարևոր է ոչ միայն Վրաստանի, այլև բոլորի համար, ում մենք՝ որպես Եվրամիություն, աջակցում ենք։ Ինչ վերաբերում է Վրաստանում ԶԼՄ-ների ազատությանը, որտեղ էլ հենց պետք է ելույթ ունենամ, տեսնում եմ բազմաթիվ տեսախցիկներ ու խոսափողներ։ Սա ինձ ստիպում է մտածել, որ Վրաստանում ակտիվ մեդիամիջավայր է։
Սակայն իմ գործընկերներից էլ տեղեկություններ ունեմ, որ լրատվամիջոցները ճնշումների տակ են։ Մշտական պայքար է հատկապես փոքր մեդիակազմակերպությունների համար` նաև ֆինանսապես, որ կարողանան իրենց գոյությունը պահպանել մեդիաշուկայում»,- ասել է Հերչինսկին: