Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները դիմել են նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ վաղը՝ ապրիլի 11-ին, արտահերթ նիստ գումարելու առաջարկով, դատաիրավական համակարգի ժամանակավոր քննչական հանձնաժողով ստեղծելու հարցը օրակարգ ներառելու համար։
Զուրաբիշվիլիին հղված դիմումն այս փուլում ստորագրել է 46 պատգամավոր։ Պատգամավորների խոսքով, եթե նիստը նշանակվի, ապա օրակարգային հարցերը կլինեն «Բարեփոխումների խմբի» նախաձեռնած բանաձևի նախագծի ընդունումը և հանձնաժողովի կազմի հաստատումը։ Խոսքը դատական համակարգում կոռուպցիոն և այլ անօրինական գործողություններն ուսումնասիրող ժամանակավոր քննչական հանձնաժողովի ստեղծման մասին է։
«Մենք հրավիրում ենք արտահերթ նիստ, որպեսզի բացահայտենք դատական համակարգում տիրող արատավոր իրավիճակը, թիմային աշխատանքը՝ ի դեմս ժողովրդավարության, ինչը դատավորներն անում և շարունակում են նույնիսկ պատժամիջոցներից հետո»,- ճեպազրույցում ասել է պատգամավոր Թամար Կորձաիան։
Պատգամավոր Խաթունա Սամնիձեն նշել է՝ ժամանակավոր քննչական հանձնաժողովը կուսումնասիրի ոչ միայն պատժամիջոցների ենթարկված 4 դատավորների գործունեությունը, այլև դատական համակարգի գործընթացները։
Ժամանակավոր քննչական հանձնաժողով ստեղծելու համար անհրաժեշտ է խորհրդարանի 50 պատգամավորի աջակցությունը։ Ի դեպ, ընդդիմադիր պատգամավորները ապրիլի 6-ին բարձրացրել են ժամանակավոր քննչական հանձնաժողով ստեղծելու հարցը։
Հիշեցնենք. ապրիլի 5-ին ԱՄՆ-ը որոշում է կայացրել վիզային պատժամիջոցներ կիրառել Վրաստանի երեք ներկա և մեկ նախկին դատավորների նկատմամբ։ Նրանք են` Թբիլիսիի վերաքննիչ դատարանի նախագահ Միխեիլ Չինչալաձեն, Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ և վերաքննիչ դատարանի դատավոր Լևան Մուրուսիձեն, Թբիլիսիի վերաքննիչ դատարանների փոխնախագահ Իրակլի Շենգելիան, Թբիլիսիի վերաքննիչ դատարանների նախկին նախագահ Վալերիան Ցերցվաձեն (նախկին դատավոր): Պատժամիջոցը տարածվում է նաև նրանց ընտանիքների անդամների վրա։
ԱՄՆ-ի պատժամիջոցները Վրաստանի կառավարության վնասաբեր քաղաքականության հետևա՞նք. կարծիքներ