Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր, այժմ անազատության մեչ գտնվող Նիկա Գվարամիայի ազատ արձակման պահանջով շարժմանը միացել են երաժիշտներ Թամրիկո Ճոխոնելիձեն, Լելա Ծուրծումիան, Լեքսենին, Մերաբ Սեփաշվիլին և Պաատա Բուրճուլաձեն։
Շարժման հիմնադիր Բաչանա Շենգելիայի խոսքով, ինքը հպարտ է, որ շատ հայտնի բժիշկներ, պրոֆեսորներ, արվեստագետներ, գրողներ, դերասաններ և երգիչներ միացել են Գվարամիայի ազատ արձակման պահանջին, քանի որ, ըստ նրա, նման մարդկանց դիրքորոշումն այդ դժվարին ճանապարհին շատ կարևոր է:
Երգիչ Թամրիկո Ճոխոնելիձեն նշել է՝ Գվարամիայի ձերբակալությունը իշխանությունների հերթական ուղերձն է, որ երկիրը չպետք է անդամակցի Եվրամիությանը, ինչը, ըստ նրա, հասարակությունը թույլ չի տա։ Երգչուհին, դիմելով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, ասել է, որ հանրությունն արժանի է իմանալու, թե ինչու Զուրաբիշվիլին ներում չի շնորհում Գվարամիային:
Հարկ է նշել, որ Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ Վրաստանի նախագահը միակ մարդն է, որ կարող է ներում շնորհել կալանքի տակ գտնվող ցանկացած անձի՝ անկախ նրա կատարած հանցագործության տեսակից։ Մի քանի ամիս առաջ՝ 2022 թվականի հունիսի 16-ին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ուղղակիորեն չպատասխանեց լրագրողների հարցին՝ արդյո՞ք ներում կշնորհի Գվարամիային:
Հիշեցնենք. 2022 թվականի նոյեմբերի 2-ին Թբիլիսիի վերաքննիչ դատարանի կոլեգիան հրապարակեց Գվարամիայի դատավճիռը, ըստ որի՝ Գվարամիան դատապարտվեց 3 տարի 6 ամիս ազատազրկման: Գվարամիան մեղավոր է ճանաչվել «Ռուսթավի 2» հեռուստաընկերության ղեկավարության օրոք լիազորությունները չարաշահելու համար։ Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավորն այս որոշումը հրապարակեց այն ժամանակ, երբ Վրաստանն արդեն դիմել էր ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Գվարամիայի գործը ներառվել է Եվրախորհրդարանի բանաձևում, որն ընդունվել է հունիսի 9-ին։