Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ քաղաքապետարանը մտադիր է Դիդի Դիղոմիի թաղամասում հանգստի գոտի կառուցել։ Քաղաքապետարանի նիստում իր տեղակալին Կալաձեն հանձնարարել է կարճ ժամկետում ապահովել համապատասխան նախագծաշինարարական ծառայությունների իրականացումն այդ տարածքում։
«Մայրաքաղաքում հանգստի գոտիների ավելացումը մեր կառավարության գլխավոր առաջնահերթություններից է, և հավանաբար կհամաձայնեք, որ այս ուղղությամբ վերջին տարիներին էական աշխատանք է կատարվել։
Դիդի Դիղոմիում բավականին մեծ տարածք կա՝ 8647 քմ, որն, ըստ էության, այս թաղամասի սիրտն է և շրջապատված է շենքերով։ Իմ տեղակալ Անդրիա Բասիլայային ուզում եմ հանձնարարել կարճ ժամանակում ապահովել համապատասխան նախագծաշինարարական ծառայությունների կազմակերպումն այս տարածքում և սկսել նոր այգու շինարարությունը»,- ասել է Կախա Կալաձեն։