Իտալական Նեապոլ քաղաքում ֆուտբոլային թիմի երկրպագուների ընտանիքում ծնված առաջին երեխային անվանակոչել են Խվիչա՝ ի պատիվ վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիայի, հայտնում է տեղական Spazio Napoli թերթը։
Մարտի 31-ին ծնված երեխայի ամբողջական անունը Դանիելե Խվիչա է։ Նրա ծնողները իտալական «Նապոլի»-ի երկրպագուներ են։
Երեխայի հայրը՝ Արմանդոն, որ ծնվել է 1986 թվականին, նույնպես անվանակոչվել է լեգենդար ֆուտբոլիստի՝ Մարադոնայի պատվին։ Ինչպես հայտնի է, Կվարացխելիային Իտալիայում հաճախ են համեմատում Մարադոնայի հետ. նա նույնիսկ ստացել է «Կվարադոնա» մականունը։
Այդ ընթացքում Transfermarkt հեղինակավոր պորտալը թարմացրել է վրացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի տվյալները։ Պարզվում է, որ Կվարացխելիայի գինը բարձրացել է 25 մլն եվրոյով և ներկայումս գնահատվում է 85 մլն։