Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը։
Նշվում է, որ դեմ առ դեմ հանդիպմանը կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում երկու երկրների արդյունավետ համագործակցությունը և տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Ըստ հաղորդագրության՝ զրույցին անդրադարձ է կատարվել Կովկասի տարածաշրջանը Եվրոպային կապող Սև ծովի ստորջրյա էներգետիկ մալուխի պատմական նախագծին։
Վրաստանի կառավարության ղեկավարն ու Ալիևը քննարկել են նախագծի դինամիկան և ծրագրի հետ կապված ապագա գործողությունները։
Առանձնացրել են նաև Վրաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական ոլորտում ինտենսիվ համագործակցության հիմնական ուղղությունները։
Ղարիբաշվիլին և Ալիևը քննարկել են տարածաշրջանում և աշխարհում անվտանգության միջավայրն ու մարտահրավերները։ Ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևորությունը տնտեսական զարգացման ապահովման համար։ Ղարիբաշվիլին Ալիևի հետ զրույցում վերահաստատել է, որ Վրաստանը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում։