Դատավորների նկատմամբ պատժամիջոցը՝ «առաջին ծիծեռնակ». կարծիքներ

ԱՄՆ-ն գիտակցում է, որ Վրաստանում ժողովրդավարացման գործընթացի չեղարկման դեպքում կկորցնի նաև ամբողջ Կովկասում ժողովրդավարության տարածման հնարավորությունը, ամփոփելով վրացի դատավորների նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցների մասին իրողությունը և դրան հաջորդած հայտարարությունները, «Ալիք Մեդիա»-ին ասաց Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին:

Ըստ կոնֆլիկտաբանի՝ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական սեկտորն ուշադիր հետևում է վրաստանյան իրողություններին և տեսնում է, որ Վրաստանը եթե կարողացել է ժողովրդավարացման հասնել, ապա՝ իրենք ևս կարող են:

Կոնֆլիկտաբանը պնդում է՝ եթե ժողովրդավարությունը նահանջի Վրաստանում, ապա Արևմուտքը կկորցնի հետաքրքությունն ինչպես Վրաստանի, այնպես էլ՝ տարածաշրջանի նկատմամբ:

«Վրացի դատավորների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները վկայում են, որ ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի ժողովրդավարությանը: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ ԱՄՆ-ն դիտարկում է Վրաստանում ժողովրդավարական գործընթացները: Վրաստանը վատնում է իր ձեռքբերումները»,- ասաց Զաքարեիշվիլին:

Քաղաքական գործիչ, գրող, տնտեսագետ Դավիթ Զուրաբիշվիլիի խոսքով, ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգները Միխեիլ Սաակաշվիլիից պահանջում էր բարեփոխել «տգեղ» դատական ​​համակարգը, նույնն է պահանջում նաև Բիձինա Իվանիշվիլիից, քանի որ դատարանի անկախությունը բացառում է մեկ անձի ավտորիտարիզմը և ստվերային իշխանությունը։

«Սակայն Բիձինայի կառավարությունը, ի տարբերություն Սաակաշվիլիի, փորձում է շանտաժի ենթարկել Ամերիկային՝ սպառնալով փոխել իր ռազմավարական կուրսը (Սաակաշվիլիի կառավարությունը երբեք չէր մտածի նման խելագարության մասին, նույնիսկ զուտ պրագմատիկ տեսանկյունից), ինչը կրկնակի խելագարություն և անբարոյականություն է,  և դա, բնականաբար, չէր կարող անարձագանք մնալ ամերիկյան կողմից` ցանկացած դեպքում։

Ի վերջո, մենք գործ ունենք աշխարհի ամենաուժեղ և հարուստ պետության հետ, որն այսօր գործնականում ներգրավված է ռուսական իմպերիալիզմի դեմ երրորդ համաշխարհային պատերազմի մեջ, և Վրաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը մեծացել է ավելի, քան երբևէ»:

Ըստ Զուրաբիշվիլիի՝ չորս դատավորի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն առաջին «ծիծեռնակն» է։ Եթե ​​իշխանությունը խելքի չգա, դատական ​​կլանը մինչև վերջ փակի ու շարունակի շանտաժի լեզվով խոսել Ամերիկայի հետ, այս «առաջին ծիծեռնակին» անպայման կհետևի «քաղաքական գարունն իր անձրևով, քամով ու կայծակով»։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ երկրի դատական ​​համակարգն օրինակելի է, և ինքը հպարտանում է դատական համակարգով ու դատավորներով: Ղարիբաշվիլիի հավաստմամբ` ինքնիշխան դատարանի նկատմամբ ցանկացած միջամտություն՝ լինի ներքին, թե օտարերկրյա, անթույլատրելի է:

Հիշեցնենք. ապրիլի 5-ին ԱՄՆ-ը որոշում է կայացրել վիզային պատժամիջոցներ կիրառել Վրաստանի երեք ներկա և մեկ նախկին դատավորների նկատմամբ։ Նրանք են` Թբիլիսիի վերաքննիչ դատարանի նախագահ Միխեիլ Չինչալաձեն, Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ և վերաքննիչ դատարանի դատավոր Լևան Մուրուսիձեն, Թբիլիսիի վերաքննիչ դատարանների փոխնախագահ Իրակլի Շենգելիան, Թբիլիսիի վերաքննիչ դատարանների նախկին նախագահ Վալերիան Ցերցվաձեն (նախկին դատավոր): Պատժամիջոցը տարածվում է նաև նրանց ընտանիքների անդամների վրա։

ԱՄՆ-ի պատժամիջոցները Վրաստանի կառավարության վնասաբեր քաղաքականության հետևա՞նք. կարծիքներ