ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրակությունն այցելել է Լարսի անցակետ

Վրաստան կատարած եռօրյա այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեի և Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Քվեշեթի-Կոբի 23 կիլոմետր երկարությամբ վերանորոգվող ճանապարհի՝ Կազբեկի թունելի շինարարական տեղամաս։

Տեղեկությունը տարածել է ՀՀ ՏԿԵ նախարարության ֆեյսբուքյան էջը։

Ըստ հաղորդագրության՝ պատվիրակությանը դիմավորել են Մցխեթա-Մթիանեթի նահանգում Վրաստանի կառավարության ներկայացուցիչը և Կազբեկի քաղաքապետը։

Նշվում է, որ հայկական պատվիրակությունը տեղում ծանոթացել է թունելի շինարարական աշխատանքներին և կիրառվող տեխնոլոգիաներին։ Վրացական կողմը ներկայացրել է թունելի տեխնիկական հնարավորությունները և խոսել շինարարության ժամկետների մասին։

«Այնուհետև պատվիրակությունը տեղում ծանոթացել է նորագույն տեխնոլոգիայի միջոցով (TBM) թունելի փորման աշխատանքներին։

Տվյալ ճանապարհահատվածում, թունելներից բացի, կառուցվում են նաև կամուրջներ։

Հայկական պատվիրակությունն այցելել է Վրաստան-Ռուսաստան սահմանի Վերին Լարսի անցակետ», — նշված է տարածած հաղորդագրության մեջ։