«Լելոն Վրաստանի համար» ընդդիմադիր կուսակցությունը ողջունում է 4 վրացի դատավորների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցներ կիրառելու որոշումը։
«ԱՄՆ կառավարության այս քայլը վերջնական վճիռ է Վրաստանի կառավարության համար և ազդանշան Իվանիշվիլիի համար, որ Վաշինգտոնում և Արևմուտքում «Վրացական երազանքի» կառավարության նկատմամբ վստահությունն ամբողջությամբ և վերջնականապես սպառվել է»,- ասված է հայտարարության մեջ։
Կուսակցությունը նշել է, որ Պետդեպարտամենտի որոշումը ևս մեկ վառ ապացույց է, որ «ապաօլիգարխացումը» Արևմուտքում ընկալվում է որպես Վրաստանի ազատագրում Բիձինա Իվանիշվիլիից և նրա ղեկավարած կլաններից, և այդ նպատակով էլ ԱՄՆ-ն գործնական քայլերի է անցել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարություն է տարածել վրացի 4 դատավորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին:
Պետքարտուղարի հայտարարության համաձայն, ԱՄՆ Պետդեպարտամենտը նրանց նկատմամբ հրապարակայնորեն պատժամիջոցներ է կիրառել՝ համաձայն մուտքի արտոնագրի մերժման 7031 կետի «գ» կանոնի, կոռուպցիոն գործունեության մեջ նրանց ներգրավվածության պատճառով։