Թբիլիսիի մանկապարտեզների` աշխատանքից ազատված տնօրենները, ինչպես նաև մանկավարժների և ծնողների մի մասը բողոքի ակցիա են սկսել:
Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան, ի պատասխան հայտարարել է, որ ամեն ինչ կատարվել է օրենքի սահմաններում, և նախկին տնօրենները բողոքելու որևէ իրավական հիմք չունեն: Այնուամենայնիվ, Նարմանիան խորհուրդ է տվել որոշումը վիճարկել դատարանում` բողոքի ակցիաներ կազմակերպելու փոխարեն:
«Կարևոր է, որ մանկապարտեզներում ուսումնական գործընթացը շարունակվի: Մեր հիմնական խնդիրը երեխաներն են, Մենք պետք է նրանց համար լավագույն պայմաններ ապահովենք: Եթե ինչ –որ մեկը առարկություններ ունի և հիմք մտածելու, որ աշխատանքից ազատվել է անտեղի, դրա համար կան իրավական մեխանիզմներ` թող դիմեն դատարան»:
Հիշեցնենք`Քաղաքապետարանին կից գործող` նախակրթարանները ղեկավարող գործակալության կողմից մանկապարտեզների 25 տնօրեն ազատվել է աշխատանքից` աուդիտական ստուգումների արդյունքում: Աուդիտ իրականացնող ծառայությունը ստուգել է նախակրթարանների` նախորդ տարվա գործունեությունը` այդ թվում ֆինանսական ծախսերը, հայտնաբերել չարաշահումներ, օրինակ ֆինանական միջոցների ոչ նպատակային օգտագործում, սննդամթերքի համար ավելորդ գումարների տրամադրում:
Թբիլիսիիում այսօր գործում է 161 նախակրթարան: