Տրանսանատոլիական գազատարի (TANAP) թողունակությունը մոտ ապագայում կկրկնապատկվի, գրում է BusinessPressNews-ը՝ հենվելով Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզի հայտարարությանը:
Նախարարի գնահատմամբ՝ TANAP-ը, որը կարևոր ենթակառուցվածք է ադրբեջանական գազը Թուրքիա և հետագայում Եվրոպա տեղափոխելու համար, ներկայումս ունի տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր հզորություն։
«Մոտ ապագայում մենք կկրկնապատկենք այդ կարողությունները, ինչից կշահեն թե՛ Թուրքիան, թե՛ մեր հարևանները»,- ասում է Դոնմեզը։
Նրա խոսքով, Թուրքիան այն երկրներից է, որը պատասխանատու է սեփական և Եվրոպայի էներգետիկ անվտանգության ամրապնդման համար։
Ի դեպ, TANAP-ը, Շահդենիզ հանքավայրի շահագործման երկրորդ փուլի շրջանակներում ապահովում է ադրբեջանական գազի փոխադրումը վրաց-թուրքական սահմանից դեպի Թուրքիայի արևմտյան սահման։ TANAP-ի ընդհանուր արժեքը կազմում է գրեթե 7 միլիարդ դոլար։
TANAP-ի նախնական հզորությունը կազմում է տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։ Գազատարն ունի ռեսուրսներ ապագայում իր թողունակությունը հասցնելու 31 միլիարդ խորանարդ մետրի։ Մոտ 6 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարվում Թուրքիա, իսկ մնացած ծավալը՝ Եվրոպա։