Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Կենտրոնական քրեական ոստիկանության, Թբիլիսիի ոստիկանության, պարեկային ոստիկանության, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի, Իմերեթիի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի, Կախեթիի և Աջարիայի ոստիկանության բաժանմունքների աշխատակիցները օպերատիվ միջոցառումների արդյունքում տարբեր ժամանակներում իրականացված քննչական գործողություններով՝ թմրանյութային հանցագործության մեղադրանքով, ձերբակալել են 58 անձի, նրանց թվում՝ 31 թմրավաճառի: Տեղեկությունը տարածել է ՆԳՆ-ն։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ այդ հանցագործությունները պատժվում են մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ։ Ըստ հաղորդագրության՝ քննությամբ պարզվել է, որ թմրամիջոցների իրացման և իրացման փորձերի համար ձերբակալված անձինք ներգրավված են եղել թմրամիջոցների իրացման սխեմաների մեջ, մասնավորապես՝ նրանք օգտվել են տարբեր ինտերնետային հավելվածներից և սոցիալական ցանցերից. թմրամիջոցները տեղադրվել են կոնկրետ վայրերում, արվել են լուսանկարներ, որոնք այնուհետ համապատասխան նշումներով և կոորդինատներով ուղարկվել են թմրամիջոցների ձեռքբերմամբ հետաքրքրված անձանց։
Ոստիկանները թմրամիջոցային հանցագործության մեջ մեղադրվող այլ անձանց անձնական ավտոմեքենաների, տների և ժամանակավոր բնակելի բնակարանների խուզարկության արդյունքում առգրավել են առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ՝ «հերոին», «կոկաին», «մեթադոն», «բուպրենորֆին», «մդմա», «ալֆա-պվպ», «մեֆեդրոն», «պրեգաբալին», այսպես կոչված` սինթետիկ թմրանյութեր՝ «մետամֆետամին», «ֆենտանիլ», «տրամադոլ», «պսիլոցին», «մարիխուանա» և թմրամիջոց պարունակող բույս՝ կանեփ։
Առգրավվել են նաև թմրանյութերի վաճառքից ենթադրաբար ձեռք բերված գումարներ, ինչպես նաև փոքր կշեռքներ և կպչուն ժապավեն:
«Թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման և պահպանման ու Վրաստան ապօրինի ներմուծման, հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերման և պահպանման ու Վրաստան ապօրինի ներմուծման, թմրամիջոցի իրացման փորձի և իրացման, թմրամիջոց պարունակող բույսի ապօրինի ցանքաբուծության-մշակման փաստերի առիթով հետաքննություն է իրականացվում Վրաստանի քրեական օրենսգրքի 260, 262, 261, 263, 265, 19-260, 273 պրիմա և 19-273 պրիմա հոդվածներով»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ: