Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը «Գարի Դավթյանի տիկնիկների տանը» հանդիպել է «Ուսումնական գարունը Թբիլիսիում» ծրագրի շրջանակներում Երևանից ժամանած «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաների և նրանց ուղեկցող մանկավարժների հետ։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
«ՀՀ դեսպանն իր խոսքում կարևորեց, որ կրթահամալիրում արդեն երկար տարիներ դասավանդվում է վրաց լեզու և գրականություն, և այդ ճանապարհով համագործակցության ամուր կամուրջներ են կառուցվում երկու պետությունների միջև։ Ա. Սմբատյանը համոզմունք հայտնեց, որ հետագայում կրթահամալիրի շրջանավարտներն իրենց յուրովի ներդրումն են ունենալու հայ-վրացական դարավոր բարեկամության զարգացման ու առավել ամրապնդման գործում»,- նշված է տեղեկության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ մարտի 29-ին կայացած հանդիպմանը կրթահամալիրի վրաց լեզվի ուսուցչուհի Ռինա Շահինյանն ուրախությամբ փաստել է, որ իրենց դպրոցի և Վրաստանի գործընկեր դպրոցների միջև համագործակցության աշխարհագրությունն ընդլայնվում է՝ ընդգրկելով Վրաստանի շրջանները ևս։
Թբիլիսյան մշակութային հյուրընկալ տան այցելուները դիտել են տիկնիկագործ Ժաննա Դավթյանի ներկայացումը։