Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, ռուս-ուկրաինական պատերազմից հետո վրացական շուկայում ռուսական նավթի և նավթամթերքի ներմուծման տեսակարար կշիռն աճել է մինչև 70 տոկոս:
Տվյալների համաձայն, 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին Վրաստանը ներմուծել է 162,746 մլն դոլարի (204 հազար 362 տոննա) նավթամթերք, որում ռուսական արտադրանքի մասնաբաժինը կազմել է ընդամենը 14 տոկոս։ Նախորդ տարվա առաջին 2 ամսում Ռուսաստանից ներկրվել է 23,128 մլն դոլարի (29 հազար 739 տոննա) նավթամթերք։
Geostat-ի փոխանցմամբ՝ 2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին Վրաստանը գնել է 158,355 մլն դոլարի (196 հազար 491 տոննա) նավթ և նավթամթերք, որից 108,575 մլն դոլարը (149 հազար 195 տոննա) կամ ընդհանուր ներմուծման 68,5 տոկոսը եղել է Ռուսաստանից:
Ինչ վերաբերում է երկրորդ խոշոր ներկրողին՝ Ռումինիային, ապա նրա մասնաբաժինը ընդհանուր ներմուծման մեջ նվազել է։ 2022 թվականի 2 ամսում Վրաստանը Ռումինիայից գնել է 41,799 մլն դոլարի (53 հազար 122 տոննա) նավթամթերք, իսկ 2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին գնել է 23,442 մլն դոլարի (27 հազար 218 տոննա) նավթամթերք։
Ըստ Geostat-ի՝ հարևան Ադրբեջանից վառելիքի ներկրումը նվազագույնի է հասել: Եթե անցյալ տարի հունվար-փետրվար ամիսներին Վրաստանն Ադրբեջանից գնել է 27,450 մլն դոլարի նավթ և նավթամթերք (36 հազար 879 տոննա), ապա այս տարի այդ ցուցանիշը 2 ամսում նվազել է մինչև 1,885 մլն դոլար (1 682 տոննա)։