Ցխվարիճամիայի 20-ամյա բնակիչ Միրիան Կուկավայի սպանության գործով Մցխեթայի շրջանային դատարանը Դավիթ Ջիջեիշվիլիին դատապարտել է 14 տարվա ազատազրկման։ Դատախազությունը հաղորդագրություն է հրապարակել 2022 թվականի հուլիսի 28-ին ծննդյան տոնակատարության ժամանակ կատարված հանցագործության մասին։
Ջիջեիշվիլիին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ դիտավորյալ սպանություն (108-րդ հոդված) և խմբակային խուլիգանություն (239-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթաբաժին և 3-րդ մաս), որը կատարվել է դանակով: Նրան սպառնում էր 10-ից 15 տարվա ազատազրկում։
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դատարանն այս գործով մեղավոր է ճանաչել խուլիգանության մեղադրանքով կալանավորված երկու անձի. նրանք, համապատասխանաբար, դատապարտվել են երեք տարի վեց ամսվա և երկու տարվա ազատազրկման։
Նույն գործով ձերբակալվել են ևս մի քանի անձինք։ Նրանցից երեքին մեղադրանք է առաջադրվել խմբակային խուլիգանության համար (239-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետ՝ ազատազրկում երկուսից հինգ տարի ժամկետով), երկուսին մեղադրանք է առաջադրվել սուտ տեղեկություն տալու (370-րդ հոդվածի 3-րդ մաս) և ծանր հանցագործության մասին չհայտնելու համար (376 հոդվածի առաջին մասով): Նրանց սպառնում է երեքից յոթ տարվա ազատազրկում։
Նշենք, 2022 թվականի հուլիսի 28-ին Ցխվարիճամիայի բնակիչ, 20-ամյա երիտասարդ էր սպանվել: Մի քանի ժամվա ընթացքում այդ գործով յոթ մարդ էր ձերբակալվել։ Դաժան սպանության մեղադրանքով հուլիսի 29-ին ոստիկանությունը ձերբակալել էր 22 տարեկան մի երիտասարդի։ Քննությամբ պարզվել էր, որ 2022 թվականի հուլիսի 28-ին սառը զենքով սրտի և կրծքավանդակի հատվածում վերջինս վիրավորել է 2002 թվականին ծնված Միրիան Կուկավային և դեպքի վայրից դիմել փախուստի։ Վնասվածքի հետևանքով Կուկավան մահացել է։
Ի դեպ, Ջիջեիշվիլին դատական նիստում մասամբ ընդունել է մեղքը: