Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին արձագանքել է իշխանական համարվող POSTV-ի ղեկավար Շալվա Ռամիշվիլի կողմից մի քանի կանանց նկատմամբ հնարավոր սեռական ոտնձգությունների մասին հրապարակված փաստերին և իր լիակատար պատրաստակամությունն է հայտնել ուսումնասիրել ենթադրյալ բռնության զոհերի դեպքերը, եթե նրանք ցանկանան:
Հանրային պաշտպանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հասարակության անդամների և հատկապես քաղաքական գործիչների նմանատիպ հայտարարությունները ամրապնդում են բռնության զոհերի նկատմամբ արդեն գոյություն ունեցող կարծրատիպերը։
«Վրաստանի հանրային պաշտպանի գնահատմամբ՝ հասարակության և հատկապես քաղաքական գործիչների նման հայտարարությունները ամրապնդում են բռնության զոհերի նկատմամբ առկա կարծրատիպերը, վերսկսում նրանց նկատմամբ խտրականությունը և լրացուցիչ սոցիալական խոչընդոտ ստեղծում նրանց համար՝ ապագայում իրենց ծանր փորձառությունների մասին խոսելու և համապատասխան իրավական մեխանիզմների դիմելու համար:
Հանրային պաշտպանը միաժամանակ ցանկանում է ԶԼՄ-ների ուշադրությունը հրավիրել այս իրադարձությունների լուսաբանման խնդրի վրա։ Ելնելով թեմայի կարևորությունից և զգայնությունից, հանրային պաշտպանը կոչ է անում լրատվամիջոցներին` հարգել Վրաստանի Սահմանադրությամբ պաշտպանված գաղտնիության, տարածության և հաղորդակցության իրավունքները և հաշվի առնել «Հեռարձակման մասին» Վրաստանի օրենքը, ըստ որի` հեռարձակողները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու համար եթերում հեռարձակվող փաստերի ճշգրտությունը և ժամանակին ուղղելու սխալները»,- ասված է հայտարարության մեջ։
Ի դեպ, «Շաբաթիս ֆորմուլա»-ն աուդիոձայնագրություն է հրապարակել, ըստ որի` տեսանելի է, թե ինչպես է իշխանական համարվող POSTV-ի ղեկավար Շալվա Ռամիշվիլին սեռական ոտնձգություններ կատարում Անանիա Գաչեչիլաձեի նկատմամբ:
Ընդգծենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ռամիշվիլին մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ: 2018 թվականին հաստատվել է Թաթիա Սամխարաձեի հանդեպ սեքսուալ ոտնձգության փաստը, և Թբիլիսիի քաղաքային դատարանը Ռամիշվիլիին պարտավորեցրել է վճարել 2 հազար լարի տուգանք։ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել քաղաքային դատարանի որոշումը։
Իշխանամետ ՀԸ-ի ղեկավարը՝ սեռական ոտնձգության սկանդալի կիզակետում