«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) զեկույցի համաձայն, Ախալքալաքի մունիցիպալ ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձանց տնօրենի ընկերությունը հաղթում է տեղական մրցույթները:
TI-ի փոխանցմամբ՝ Մարտին Գաբրիելյանին պատկանող ընկերությունը՝ «Մեգոբրոբա-5» («Ընկերություն-5»- խմբ.) ՍՊԸ-ն 2019 թվականի օգոստոսից մինչ այսօր ստացել է 36 պետական գնում և պայմանագրեր է կնքել 1 մլն 390 հազար 861 լարիի չափով։ Դրանից Ախալքալաքի բյուջեից 21 գնումների միջոցով գոյացել է 667 հազար 186 լարի:
«Մարտին Գաբրիելյանը 2013-2014 թվականներին Ախալքալաքի մունիցիպալիտետի մարզպետի երրորդ տեղակալն էր։ 2014-2017 թվականներին Ախալքալաքի սակրեբուլոյում զբաղեցրել է «Ազատ դեմոկրատներ» խմբակցության նախագահի պաշտոնը։ Սակրեբուլոյում իր լիազորությունների ժամկետը լրանալուց հետո՝ 2018 թվականի սեպտեմբերին հիմնադրել է «Մեգոբրոբա-5» ՍՊԸ-ն, որի սեփականատերն ու տնօրենն է։
Ընկերությունը պետական գնումներին մասնակցում է 2019 թվականի գարնանից։ Բիզնեսին զուգահեռ, 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Գաբրիելյանը եղել է նաև Դիլիսկա գյուղում քաղաքապետի ներկայացուցիչը, իսկ 2021 թվականի ապրիլի 1-ից մինչ այժմ Ախալքալաքի քաղաքապետարանի «Փակ լողավազանի» տնօրենն է»,- նշված է զեկույցում:
Հաղորդագրության համաձայն, «Մեգոբրոբա-5» ՍՊԸ-ն 2019 թվականի մայիսից մինչև 2022 թվականը շահել է Ախալքալաքի հանրակրթական դպրոցներում, ինչպես նաև Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների շինարարական և վերանորոգման աշխատանքների 29 մրցույթներ՝ ընդհանուր 1 մլն 095 հազար 796 լարիի չափով, դրանցից 14 մրցույթ 372 հազար 121 լարիով՝ Ախալքալաքի մունիցիպալիտետում։ Ընկերությունը Ախալքալաքում, առանց մրցույթի և այլ ընկերությունների որակազրկելով, 271 հազար 242 լարիի 10 մրցույթ է շահել:
ՀԿ-ն նշում է՝ Գաբրիելյանի ընկերության բոլոր ուղղակի գնումները ստացվել են միայն Ախալքալաքի քաղաքապետարանից։ 2019-2020 թվականներին 7 պարզեցված գնումների միջոցով «Մեգոբրոբա-5» ՍՊԸ-ն ստացել է 295 հազար 065 լարի։ 2020 թվականի սեպտեմբերի 1-ին Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը Գաբրիելյանի հետ կնքել է Դիլիսկա գյուղի հանրակրթական դպրոցի վերականգնման աշխատանքների վերջին ուղղակի գնման պայմանագիրը՝ 69 հազար 889 լարիով։ Նույն օրը Գաբրիելյանին համայնքի ղեկավարը նույն գյուղի ներկայացուցիչ է նշանակել:
«Գաբրիելյանի` նախ Դիլիսկայի ներկայացուցիչ, ապա Ախալքալաքի «Փակ լողավազանի» տնօրեն նշանակվելուց հետո, նրա ընկերությունը 16 պետական գնումներով ստացել է 839 հազար 271 լարի, որից 240 հազար 568 լարին Ախալքալաքի բյուջեից՝ 7 գնումներով։ Սակայն այս ընթացքում ընկերության տնօրենի անունից պայմանագրեր է կնքվել Հրանտ Գրիգորյանի կողմից»,- նշված է TI-ի զեկույցում:
TI-ն կոչ է անում Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությանը ուսումնասիրել «Մեգոբրոբա-5» ՍՊԸ-ի պետական գնումները և պարզել, թե արդյոք հնարավո՞ր են կոռուպցիոն գործարքները նրա և գնորդ կազմակերպությունների միջև։