Եվրախորհրդի խոշտանգումների դեմ կոմիտեի անդամներն այսօր՝ մարտի 27-ին, կրկին այցելել են «Վիվամեդ» կլինիկա, որտեղ գտնվում է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին:
Ի դեպ, նրանք երեկ՝ մարտի 26-ին, նույնպես «Վիվամեդ» կլինիկայում էին։ Երեկ Խոշտանգումների դեմ կոմիտեի անդամները հանդիպել և զրուցել են Սաակաշվիլիի հետ։
Խոշտանգումների կոմիտեի անդամները հանդիպել են նաև Հանրային պաշտպանի հովանու ներքո ստեղծված բժիշկ-փորձագետների խորհրդի անդամների հետ և փոխանակել իրենց եզրակացությունները Սաակաշվիլիի վերաբերյալ։
Հանրային պաշտպանի տեղակալ Գիորգի Բուրջանաձեի խոսքով, հանձնաժողովի անդամների Վրաստան այցի հիմնական առանցքը քրեակատարողական հիմնարկների առողջապահական խնդիրներն են։
«Ֆորմուլա» հեռուստաընկերությանը «Վիվամեդ»-ի տնօրեն Զուրաբ Չխաիձեն հայտնել է, որ Եվրախորհրդի խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեի անդամներն այցելել են իրենց կլինիկայում գտնվող բոլոր բանտարկյալներին։
Հարկ է նշել նաև, որ Սաակաշվիլիի բուժման գործընթացում ներգրավված էնդոկրինոլոգ Սոփո Մեբուկեի խոսքով՝ Սաակաշվիլին ախտանշանային բուժում է ստանում «Վիվամեդ»-ում, որը կարելի է ստանալ նաև ամբուլատորիայում։ Նրա խոսքով՝ մարտի 7-ին, 8-ին և 9-ին Սաակաշվիլիի սննդակարգը բազմազան է եղել, սակայն հետագայում նա կրկին կրճատել է կալորիականությունը։ Ըստ Մեբուկեի՝ Սաակաշվիլին հրաժարվում է բժիշկների, վերականգնողական, բուժիչ մերսումների և հոգեթերապիայի նոր խորհրդի ստեղծումից։