TV Pirveli հեռուստաընկերության տեղեկություններով՝ Թբիլիսիի վերաքննիչ դատարանի քրեական պալատի դատավոր Մակա Գվելեսիանին, որը ցմահ է նշանակվել այդ պաշտոնում, արտագաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Հեռուստաընկերության հարցմանն ի պատասխան` այս տեղեկությունը հաստատել է Վրաստանի արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ, Թբիլիսիի վերաքննիչ դատարանի վարչական գործերի պալատի դատավոր Լևան Մուրուսիձեն։
Մուրուսիձեն նաև հավելել է, որ ինքը նույնպես մտածել է երկիրը լքելու մասին, քանի որ լրագրողների պատճառով դատավորները ստիպված են լինում աշխատել ծանր պայմաններում։
Ի դեպ, Գվելեսիանին ԱՄՆ արտագաղթած առաջին դատավորը չէ: Թբիլիսիի քաղաքային դատարանի քաղաքացիական գործերի կոլեգիայի դատավոր Մայա Սվիանաձեն, որ նախկինում իր պաշտոնում ևս ցմահ էր նշանակվել, արձակուրդի ավարտից հետո ԱՄՆ-ից չի վերադարձել և խնդրել է իրեն ազատել դատավորի պաշտոնից։ Սվիանաձեի խոսքով, իր հեռանալը կապված չէ ինչ-որ կոնկրետ դեպքի կամ որևէ քաղաքական ճնշման հետ։