Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելի Դեգնանն արձագանքել է Պետդեպարտամենտի հասցեին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի բարձրաձայնած վարկաբեկիչ գնահատականին։
Ի դեպ, Պետդեպարտամենտի տարեկան զեկույցում Վրաստանը քննադատության է ենթարկվել մի շարք ուղղություններով, որոնց շարքում են ընդդիմադիր «Մթավարի արխի»-ի հիմնադիր Նիկա Գվարամիայի քաղաքական բանտարկությունը, երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջության հարցը, ԶԼՄ-ների վրա հարձակումներն ու ոտնձգությունները և այլն։
Հիշեցնենք՝ Ղարիբաշվիլին ասել է, որ այդ զեկույցը հիմնված է կեղծ փաստերի վրա և հետաքրքիր չէ իշխանությունների համար։
«ԱՄՆ-ը նմանատիպ զեկույցներ է պատրաստում տասնամյակներ շարունակ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը կենտրոնանում է խնդիրների վրա, ոչ թե քաղաքական կուսակցությունների կամ անհատների:
Ամեն անգամ, երբ այս զեկույցում տրվում է որևէ տեղեկություն, վերջինս ստուգվում է բարձր հավաստի աղբյուրների միջոցով: Այս զեկույցները հիանալի միջոց և ռեսուրս են՝ ժամանակագրական առումով տեսնելու ոչ միայն այն, թե ինչ կարիքներ կան, և որտեղ բացթողում կա, այլև` թե ինչ է փոխվել և բարելավվել տարիների ընթացքում»,- ասել է դեսպանը։
Դեգնանի ընդգծմամբ՝ այդ զեկույցը շատ լավ ռեսուրս է ժողովրդավարության ավելի լավ զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերին աջակցելու համար:
Ինչ է գրված Վրաստանի մասին մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում