«Թումանյանը և Թիֆլիսը» խորագրով ցուցահանդես` ի հիշատակ մեծ բանաստեղծի

Այսօր՝ մարտի 23-ին, Թբիլիսիի Գ. Լեոնիձեի անվան վրացական գրականության թանգարանում, Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցի կապակցությամբ բացվեց «Թումանյանը և Թիֆլիսը» խորագիրը կրող ցուցահանդեսը։

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Վրաստանի մշակույթի և երիտասարդության հարցերով փոխնախարար Իրակլի Դոլաբերիձեն, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը, Երևանում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի ներկայացուցիչներ, «Թիֆլիսի Թումանյանի տուն» գիտակրթական մշակութային կենտրոնի ներկայացուցիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հայագետներ, այլ հետաքրքրված անձինք։

Ցուցադրությանը ներկայացվեցին Թումանյանին առնչվող ցուցանմուշներ, որոնք բերվել էին Երևանում գտնվող Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանից։ Թանգարանի ղեկավար, թումանյանագետ Անի Եզիազարյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպմանն աջակցելու համար և ՀՀ դեսպանին, Վրաստանի մշակույթի ու երիտասարդության հարցերով փոխնախարարին, Գ. Լեոնիձեի անվան վրացական գրականության թանգարանի տնօրենին հանձնեց խորհրդանշական պարգևներ՝ Թումանյանի և Շոթա Ռուսթավելիի մեդալիոններ, իսկ թանգարանին` Թումանյանի մասին պատմող գիրք։

«Յուրաքանչյուրս մեր մեջ կրում ենք Թումանյանին», — իր ելույթում ասաց Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը։

«Թումանյանը երևի յուրաքանչյուրիս է ուղեկցել մեծանալիս։ Թումանյանի գրվածքները, եթե ինձ թույլ տամ, կասեմ` օգնել են մարդ դարձնել։ Երեկ ինձ ուղարկեցին  Թումանյանի «Խոսող ձուկը» հեքիաթը, որը կարդալիս քեզ մանուկ ես զգում։ Սակայն, որքան հեշտ հասկանալի են Թումանյանի հեքիաթները, այդքան ավելի խորը փիլիսոփայություն են պարունակում, որքան պարզ է, այնքան խորն է»,- ասաց ՀՀ դեսպանը։

Դեսպանն այսպես բնութագրեց հայ մեծ բանաստեղծին․ «Հայ ժողովրդի մեծ զավակ և վրաց ժողովրդի մեծ բարեկամ»։

Հովհաննես Թումանյանի մահվան 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով` Վրաստանում է գտնվում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը: Նախարարի տեղակալը ողջունեց բացման արարողությանը ներկա անձանց, մեջբերելով վրացի մտավորական Գիորգի Լեոնիձեի խոսքը Թումանյանի մասին. «Մեծ բանաստեղծները պատկանում են բոլոր ժողովուրդներին»։

«Հավաքվել ենք մեր խոնարհումը նվիրելու հանճարեղ բանաստեղծ, հայ և վրաց ժողովուրդների անմնացորդ նվիրյալ, մեծն մարդասեր, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի մահվան 100-րդ տարելիցի առթիվ։ Բացի ազգային մեծ գործիչ լինելուց, Թումանյանը բացառիկ սիրով էր լցված նաև դեպի Վրաստանը», — նշեց Քոչարյանը։

«Երևանի Հովհ․ Թումանյանի թանգարանից բերվել և ցուցադրվում է 26 թանգարանային առարկա, որոնցից 3-ի՝ կիսանդրիների, մեդալիոնների միջոցով արտահայտված են Թումանյանի սերն ու հարգանքը Շոթա Ռուսթավելիի նկատմամբ։

Հատկանշական է, որ Թումանյանը վրաց գրականությանը ոչ միայն առօրյա կյանքի ընթացքում էր ծանոթանում, այլ նաև գրքերի, գրականության միջոցով, և նրա գրադարանում զգալի թվով գրքեր կան Վրաստանին առնչվող։ Իհարկե` բոլորը հնարավոր չէր այստեղ բերել, բայց կատարվել է շատ նուրբ ընտրություն` առաջնահերթություն շնորհելով այն գրքերին, որոնք վրացի գրողներ Գրիշաշվիլին, Աբաշիձեն, Ռոբաքիձեն ընծայագրերով ժամանակին նվիրել են Թումանյանին», — պատմեց Անի Եղիազարյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում։

 

Եղիազարյանի խոսքով, ամենակարևոր նմուշն արկղիկն է, որի մեջ պահվել է մեծ գրողի սիրտը։

«Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի ներկայացուցիչ Գոհար Մազմանյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց, որ Թումանյանի մահից 100 տարի անց նույն ուղին կրկնեցին այսօր․

«Հովհաննես Թումանյանը շուրջ 40 տարի ապրելով Թիֆլիս քաղաքում, դարձավ ամբողջությամբ թիֆլիսեցի, ընդունելով այն դեմքն ու տեսքը, որը հարիր էր Թիֆլիսին։ Նա կարողացավ իր շուրջը հավաքել հայ, վրաց և ռուս մտավորականությանը, որպես ազնվաբարո անձնավորություն վայելեց նաև հասարակության անչափ սերը։ Նրա մահից մեկ ամիս հետո երբ Թումանյանի աճյունը գնացքով Մոսկվայից բերեցին Թիֆլիս, նախ` տարան «Հայարտուն», հետո Խոջիվանքի անվան պանթեոն, և այնտեղ էլ ամփոփվեց։ Հետաքրքիր է, որ 100 տարի անց մենք այդ ուղին կրկնեցինք` կարևորելով թումանյանական գաղափարները, ընկերասիրությունը, հայ-վրացական բարեկամությունը․․․»։

Նշենք, որ Թումանյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներն իրականացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Միջոցառումների կազմակերպիչներն են Վրաստանում Հայաստանի դեսպանությունը, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը, Հովհ. Թումանյանի տուն-թանգարանը (Երևան), «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնը, «Հայարտուն» մշակութային կենտրոնը (Թբիլիսի), Կոմիտասի թանգարան-ինստիտուտը (Երևան)։

Հավելենք նաև, որ Մարտի 24-ին Վ. Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում տեղի կունենա հիշատակի համերգ. ելույթ կունենա «Գեղարդ» երգչախումբը՝ թումանյանական խոսքի ու կոմիտասյան երաժշտության կատարումներով: