Եթե Ռուսաստան-Վրաստան օդային ուղիղ հաղորդակցությունը վերականգնվի, ու Ռուսաստանը չեղարկի Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը, ապա դա ուղղակիորեն վտանգի տակ կդնի Վրաստանի եվրատլանտյան ուղին: Ամփոփելով ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովի հայտարարությունը, «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է Վրաստանի ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Գելա Վասաձեն:
Ըստ Վասաձեի՝ դա սխալ որոշում կլինի, քանի որ այսօր Ռուսաստանը գտնվում է մեկուսացման պայմաններում:
Հարկ է նշել, որ այս ֆոնին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ ինքը կողջունի, եթե Ռուսաստանում Վրաստանի քաղաքացիների համար չեղարկվի վիզային ռեժիմը, և վերականգնվի Ռուսաստանի հետ օդային ուղիղ հաղորդակցությունը։
Վրացի վերլուծաբան Զուրա Բատիաշվիլին այս հայտարարությունը կապում է Վրաստանում մարտի 7-ին առաջին ընթերցմամբ ընդունված, այնուհետև տապալված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի հետ: Ըստ նրա՝ վերոնշյալ հայտարարությունն օրինագծի շարունակությունն է:
Վերլուծաբանի կարծիքով` Ռուսաստանի և Վրաստանի իշխանությունների ցանկությունները միանման են, այն է՝ Վրաստանին հնարավորինս հեռացնել Արևմուտքից և հնարավորինս մոտեցնել Ռուսաստանին:
«Այս ամենը հնարավոր չեղավ օրինագծով, հիմա սկսել են այլ քայլեր ձեռնարկել՝ Վրաստանին եվրատլանտյան ուղուց շեղելու համար»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է Բատիաշվիլին:
Նրա խոսքով, Ռուսաստանը մեղավոր պետություն է, այդ թվում` երեխաների, տարեցների, իրավունքների խախտման և այլ խնդրիների առումով, և բնական է, որ Ռուսաստանի հետ ոչ մի պետություն չի ցանկանում հարաբերություններ հաստատել: Ըստ նրա՝ ցավոք, Վրաստանի կառավարությունը միակն է, որ ցանկանում է հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ:
«Եթե Ռուսաստան-Վրաստան օդային ուղիղ հաղորդակցությունը վերականգնվի, ու Ռուսաստանը չեղարկի Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը, նախ՝ կառաջանա քաղաքական վտանգ. երբ դու ռազմական մեղավորի հետ ես համագործակցում, դառնում ես այդ մեղքի մասնակից:
Երկրորդ՝ տնտեսական վտանգ. եթե վերականգնվեն չվերթերը, ապա այն ավիաընկերությունները, որոնք ուղևորափոխադրումներ կիրականացնեն այս ուղղությամբ՝ կհայտնվեն պատժամիջոցների տակ: Կլինեն այնպիսի պատժամիջոցներ, որոնք վատ ազդեցություն կունենան Վրաստանի տնտեսության վրա»,- ասաց վերլուծաբանը:
Ռուսաստանը Վրաստանի հետ ուղիղ չվերթերը չեղարկել է 2019 թվականի հուլիսի 8-ից, այսպես կոչված` «Գավրիլովի գիշեր» հայտնի իրադարձություններից հետո։ Ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի գլխավորությամբ ռուսական պատվիրակության ներկայությունը թբիլիսյան Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին, միանշանակ չէր ընդունվել, ինչին հետևել էին հակառուսական բազմամարդ բողոքի ակցիաները։
Հարկ է նշել նաև, որ Մոսկվան պարբերաբար խոսում է «համապատասխան նախապայմանների» դեպքում դեպի Թբիլիսի ուղիղ թռիչքների հնարավոր վերականգնման մասին։
Իշխանությունները պետք է հստակ ասեն, որ Վրաստանի տեղը «3+3» ձևաչափի մեջ չէ. կարծիքներ