Եվրոպամետ կուրսից շեղվելու փորձեր եմ տեսնում. Բերբոկ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը Վրաստան կատարած այցից առաջ ասել է, որ եվրոպամետ կուրսից շեղվելու փորձեր է տեսնում Վրաստանում:

Ըստ նրա՝ Վրաստանի բնակչությունը Եվրամիությանն ինտեգրվելու հստակ նպատակ ունի: Բերբոկը նշել է, որ  իր այցի ընթացքում կձգտի հստակեցնել, որ Գերմանիան լիովին աջակցում է Վրաստանի եվրոպական հեռանկարին։

«Վերջին շաբաթների ընթացքում քաղաքացիները Թբիլիսիի փողոցներում ծածանում էին ԵՄ դրոշը՝ ի պաշտպանություն բազմակարծության և օրենքի գերակայության: Մենք տեսնում ենք Վրաստանին եվրոպամետ կուրսից շեղելու փորձեր, տեսնում ենք այն ճնշումը, որին բախվում է երկիրը ներսից ու դրսից»,- ասել է Բերբոկը:

Բերբոկի խոսքով՝ ինքը Վրաստանի կառավարության հետ կխոսի այն քայլերի մասին, որոնք երկիրը դեռ պետք է ձեռնարկի՝ Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։

Թբիլիսի այցի շրջանակներում Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կհանդիպի իր վրացի գործընկեր Իլիա Դարչիաշվիլիի, Վրաստանի նախագահի, վարչապետի, ինչպես նաև Իլիայի համալսարանի ուսանողների հետ։