Վրաստանում գործող 16 hասարակական կազմակերպություններ (ՀԿ) դիմել են Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյին և խնդրել հրապարակել Վրաստանի՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի միջանկյալ գնահատականը։
Հայտարարության մեջ ասված է, որ քաղաքացիական հասարակության մի մասը ներգրավված է առաջարկությունների կատարման մոնիտորինգի գործընթացում, ուստի միջնաժամկետ գնահատականի հրապարակայնությունը նրանց համար կարևոր է։
«Եվրահանձնաժողովի միջանկյալ գնահատականի հրապարակայնությունը կապահովի գործընթացի թափանցիկությունը, հնարավորություն կտա քաղաքացիական հասարակությանը ակտիվ մասնակցելու դրան և էապես կնպաստի առաջնահերթությունների կատարման արդյունավետ վերահսկմանը»,- նշված է հայտարարության մեջ:
Համատեղ հայտարարությունն ստորագրել են.
- «Բաց հասարակության հիմնադրամ-Վրաստան»,
- «Սափարի»,
- «Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտ» (DRI),
- «Կառավարման մոնիտորինգի կենտրոն» (GMC),
- «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիա» (GRASS),
- «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»,
- «Սոցիալական արդարության կենտրոն»,
- «Վրաստանի դեմոկրատական նախաձեռնություն» (GDI),
- Tbilisi Pride
- «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» և այլն:
Ի դեպ, 2022 թվականի հունիսի 23-ին Եվրամիությունը որոշեց Վրաստանին տալ եվրոպական հեռանկար։ Երկրին տրվել է 12 հանձնարարական, որոնք պետք է իրականացվեն թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։
Ըստ տեղեկությունների՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի միջանկյալ գնահատականը բանավոր է լինելու մայիսին և հասանելի է լինելու միայն իշխանություններին: