«Վիվամեդ» կլինիկան, որտեղ արդեն մի քանի ամիս Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին է գտնվում, հայտարարություն է տարածել և քրեակատարողական ծառայությանը խնդրել է գնահատել Սաակաշվիլիին կլինիկայում պահելու հետագա նպատակահարմարությունը:
Կլինիկան նշել է, որ այդ ամբողջ ընթացքում, չնայած իրենց նկատմամբ աննախադեպ ճնշումներին, փորձել են երրորդ նախագահին համոզել անցնել բուժման կուրս, որը քիչ թե շատ հաջող էր մինչև հոկտեմբեր ամիսը, և առողջական վիճակի զգալի բարելավում կար։ Ըստ կլինիկայի՝ անցյալ տարվա հոկտեմբերից հետո Սաակաշվիլին հրաժարվել է առաջարկվող բուժումից, հատկապես այն դեպքերում, եթե այս կամ այն դեղամիջոցը կամ պրոցեդուրան դրական է ազդում նրա սուբյեկտիվ կամ օբյեկտիվ տվյալների վրա։
«Վիվամեդ»-ի պնդմամբ՝ վերջին մեկ ամսվա ընթացքում Սաակաշվիլին ստանում է միայն սիմպտոմատիկ բուժում, անվստահություն է հայտնում բուժանձնակազմի նկատմամբ և հրաժարվում առաջարկվող բուժման սխեմայից։
«Հիշեցնենք, որ հիվանդ Սաակաշվիլին «Վիվամեդ» կլինիկայում է գտնվում 2022 թվականի մայիսի 12-ից։ Հիվանդը ենթարկվել է ամբողջական հետազոտությունների, կատարվել է ախտորոշում, և ժամանակակից ուղեցույցների համաձայն` որոշվել է բուժման սխեման։
Արդյունքում «Վիվամեդ» բժշկական կենտրոնն անարդարացիորեն հսկայական հարված է ստանում իր հեղինակությանը, ինչը կտրականապես անընդունելի ենք համարում։ Բժշկական էթիկայի հիման վրա բժշկական անձնակազմը չի կարող բռնություն կիրառել որևէ մեկի նկատմամբ։
Այս ամենը նկատի ունենալով, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինենք դիմել քրեակատարողական հիմնարկի բուժծառայությանը, որպեսզի գնահատեն հիվանդ Սաակաշվիլիի «Վիվամեդ» կլինիկայում հետագա բուժման նպատակահարմարությունը, քանի որ սիմպտոմատիկ բուժումը, որին հիվանդը համաձայնում է, հնարավոր է ցանկացած այլ հաստատությունում»,- հայտնել են կլինիկայից: