Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն մարտի 21-ին և 22-ին մի շարք հանդիպումներ է ունեցել, փոխանցում է ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջը:
Մարտի 22-ին Շարվաշիձեն հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցչության ղեկավար Անդրեա Վիկտորինիի հետ։
Կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և Հայաստանի, Վրաստանի ու Եվրամիության միջև եռակողմ համագործակցության ամրապնդման հնարավորությունները։
Նույն օրը Շարվաշիձեն հանդիպել է նաև Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ։ Հանդիպման շրջանակում խոսվել է Վրաստանի և Հայաստանի միջև արդյունաբերության փորձի փոխանակման հնարավորությունների և այս ուղղությամբ գերատեսչական հաղորդակցությունների ընդլայնման և ամրապնդման հեռանկարների շուրջ։
Մարտի 21-ին ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը հանդիպել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ։ Կողմերը քննարկել են կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում երկու երկրների միջև առկա հարաբերությունները և համագործակցության խորացման հեռանկարները։