Վրաստանի խորհրդարանի այսօրվա լիագումար նիստում «Պաշտպանության օրենսգրքի» քննարկման ժամանակ վիճաբանություն և բախում է տեղի ունեցել ընդդիմադիր և իշխանամետ պատգամավորների միջև։
Սկզբում իրավիճակը լարվել է ընդդիմադիր պատգամավոր Տարիել Նակաիձեի և իշխող կուսակցության շարքերը լքած ու հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժման անդամ Սոզար Սուբարիի միջև, որից հետո միջադեպին խառնվել են նաև այլ պատգամավորներ։
Իրավիճակն այնքան է սրվել, որ նախ իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Վիկտոր Ջափարիձեն խորհրդարանի սեղանին տեղադրված խոսափողով հարվածել է Նակաիձեին, իսկ հետո մեկ այլ իշխանական պատգամավոր Լևան Մգալոբլիշվիլին ևս խոսափողը նետել է նույն ընդդիմադիր պատգամավորի ուղղությամբ։ Բանավոր առերեսումը շարունակվել է մի քանի րոպե։
Ըստ առկա տեղեկությունների, «Ժողովրդի ուժը» շարժման պատգամավորները հակառակ կողմում նստած ընդդիմադիր գործընկերներին «գործակալներ» են անվանել, ինչն էլ իրավիճակի սրման պատճառ է դարձել։