Վրաստանի խորհրդարանի մոտ քաղաքացիները երեկ բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ պարտադիր զինծառայության մասին խորհրդարան ներկայացված «Պաշտպանության օրենսգրքի» նախագծի։ Հանրահավաքի մասնակիցները նշել են, որ հանրահավաքը կազմակերպիչ չունի` կազմակերպվել է սոցցանցում։
Քաղաքացիները պարզաբանել են, որ առանց իրենց կամքը հաշվի առնելու զորակոչն «անընդունելի է, դա ստրկություն է», գրում է Interpressnews.ge-ն։
Նշենք, որ երեկ՝ մարտի 21-ին, խորհրդարանը քննարկեց կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացված «Պաշտպանության օրենսգրքի» նախագիծը։
Օրենսգրքի նախագծով նախատեսված հիմնական նորամուծություններից մեկն այն է, որ, բացի Ուղղափառ եկեղեցուց, որևէ այլ եկեղեցու կամ կրոնական խմբի ներկայացուցիչ այլևս հնարավորություն չի ունենա խուսափելու պարտադիր զինվորական ծառայությունից։ Որոշ ՀԿ-ներ այս կետը համարում են խտրականություն պարունակող։
Օրենքի նախագծում նաև նշված է, որ նախատեսվում է զինվորական ծառայությունից խուսափելու դեպքում վճարի չափի ավելացում. 2000 լարիի փոխարեն (18 ամիս տարկետման համար) վճարը կկազմի 10 հազար լարի (մեկ տարի տարկետման համար)։