Մարտի 21-ին Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան Սոխումիում «Ամցախարա» քաղաքական կուսակցության համագումարում հայտարարել է, որ Աբխազիան պատրաստվում է մոբիլիզացիայի՝ Վրաստանի սպառնալիքների պատճառով։
Բժանիայի կարծիքով` միջազգային ռազմաքաղաքական իրավիճակը չափազանց ծանր է։ Ըստ նրա՝ Ռուսաստանը ստիպված է «հատուկ ռազմական գործողություն իրականացնել»:
«Մեր դաշնակցի դեմ պայքարում են ավելի քան 50 պետություններ։ Այս ֆոնին նույն ուժերը ցանկանում են տապալել Վրաստանի իշխանությանը և բացել երկրորդ ճակատ։ Այդ նպատակով նրանք պատրաստվում են այս տարվա ապրիլ-մայիսին Վրաստանում մեծամասշտաբ քաղաքական հանրահավաքներ կազմակերպել»,- ասել է Բժանիան:
Դե ֆակտո նախագահի խոսքով, իրավիճակն այսօր շատ ավելի բարդ է, քան 2008 թվականին։
«Այս իրավիճակում մեզ անհրաժեշտ են մշտական և բազմակողմ սերտ հարաբերություններ Ռուսաստանի և նրա տարածաշրջանների հետ։ Պետք է լուծել այն հարցերը, որոնք տհաճ ֆոն են ստեղծում մեր միջպետական հարաբերություններում, և այդ հարցերը մեզ քաջ հայտնի են»,- ասել է Բժանիան։
Նրա խոսքով, Ռուսաստանի հետ պաշտպանության և անվտանգության ընդհանուր տարածքի հնարավորությունները, որոնք տրամադրվել էին 2014 թվականի համաձայնագրով, պատշաճ կերպով չեն օգտագործվել։ Այս կապակցությամբ Բժանիան որպես օրինակ բերել է Օչամչիրի Մարկուլա գյուղում համատեղ ռազմաբազայի կառուցման մասին 2019 թվականի որոշումը, որը չի իրականացվել։
Դրանից բացի, Բժանիան ասել է, որ կան կոնկրետ քայլեր, որոնց մասին ինքը չի կարող հրապարակավ խոսել։
«Մենք լայնածավալ աշխատանքներ ենք իրականացնում Աբխազիայի զինված ուժերի մոբիլիզացման և մարտունակության բարձրացման ուղղությամբ։ Մեզ պատերազմ պետք չէ, բայց ամեն ինչի պետք է պատրաստ լինել մեր եղբայր Ռուսաստանի հետ միասնությամբ»։
«Երկրորդ ճակատի» բացման թեման բացել են Վրաստանի կառավարության ներկայացուցիչները` Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր։