Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Մառնեուլիի «Չաիս սախլի»-ում («Թեյի տուն») հանդիպել է հոգևոր դասի ներկայացուցիչներին, փոխանցում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը:
Նշվում է, որ հանդիպման ժամանակ կառավարության ղեկավարը շնորհավորել է հոգևոր դասի ներկայացուցիչներին Նովրուզ Բայրամի տոնի առթիվ, խոսել է նաև վրաց և ադրբեջանցի ժողովուրդների առանձնահատուկ բարեկամական հարաբերությունների մասին։
Ըստ հաղորդագրության՝ Ղարիբաշվիլիի հետ միասին «Չաիս սախլի»-ում են Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին, կառավարության վարչակազմի տարածաշրջանների հետ կապերի բաժնի ղեկավար Լեռի Բարնաբիշվիլին, Քվեմո Քարթլիի նահանգապետ Գիորգի Դոխտուրիշվիլին, Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովը, Մառնեուլիի սակրեբուլոյի նախագահ Ամիրան Գիորգաձեն, խորհրդարանի պատգամավորներ Զաուր Դարգալին և Սավալան Միրզոևը, Վրաստանում Ադրբեջանի դեսպան Փաիգ Գուլիևը և «Սոկար» Վրաստան ընկերության ներկայացուցչության նախագահ Մախիր Մամեդովը։