2023 թվականին ՀՀ կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍ) շարունակում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) դասավանդողների վերապատրաստման ծրագիրը: Տեղեկությունը տարածում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Հայաստանում վերապատրաստումն ընթանալու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված տարբերակված հետևյալ 7 մեկամսյա ծրագրերով.
«Ա» Ուսուցում մանկապարտեզում,
«Բ» Ուսուցում մեկօրյա դպրոցում,
«Գ» Տարրական ուսուցում,
«Դ» Հայոց լեզվի և գրականության դասավանդում,
«Ե» Հայոց պատմություն և մշակույթի պատմություն,
«Զ» Պարարվեստ,
«Է» Տնօրենների վերապատրաստում:
Ծրագրերի նկարագրությունը հասանելի է հեևյալ հղմամբ:
Նշվում է, որ դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության վկայագրեր:
«Ծրագրի ընթացքում դասընթացների կազմակերպման, ուսուցիչների կեցության, թանգարանային այցելությունների և շրջագայության ծախսերը, ծրագրի բացման օրվանից մինչև փակման օրը, ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը, ներառյալ օդանավակայանից մինչև հյուրատունը և Հայաստան մուտքի արտոնագրի (վիզա), բժշկական ճանապարհորդական ապահովագրության ծախսերը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները, կրթօջախները, բարերարները»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Ի դեպ, վերապատրաստման սկիզբը համարվում է ծրագրի հյուրատան մուտքի օրը` հուլիսի 2-ը:
Ծրագրի ժամանակացույցը հետևյալն է.
- 2 հուլիսի` կացարան մուտքի և տեղավորման օր,
- 3 հուլիսի` ծրագրի պաշտոնական բացում,
- 28 հուլիսի՝ ծրագրի պաշտոնական փակում և վկայականների հանձնում,
- 29 հուլիսի` հյուրատնից ելքի օր:
Ավելի վաղ ժամանելու կամ ուշ մեկնելու դեպքում կեցության ծախսերը հոգում են մասնակիցները: Հյուրանոցի սենյակները նախատեսված են 2-3 հոգու համար:
Ըստ տեղեկության՝ ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 28-ը ներառյալ ՀՀ կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել ուսուցչի կողմից լրացված և կրթօջախի տնօրինության կողմից վավերացված հայտը (հայտաձև-արևմտահայերեն, հայտաձև-արևելահայերեն): Մասնակցության պաշտոնական հաստատումներն ուսուցիչները կստանան իրենց էլեկտրոնային հասցեով՝ հայտն ստանալուց մինչև հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում: Երկրից և աշխատավայրից բացակայությունը հիմնավորելու համար պաշտոնական հրավերի անհրաժեշտության դեպքում` պետք է տեղեկացնել նախապես:
Հաղորդագրության համաձայն, վերապատրաստող կազմակերպության, հյուրատան և կեցության հետ կապված տեղեկությունները, ինչպես նաև դասընթացների կազմակերպման և անցկացման այլ անհրաժեշտ մանրամասները կփոխանցվեն մասնակցության հայտ ներկայացրած ուսուցիչներին: Մասնակիցների համար նախատեսվում են նաև հանդիպումներ, ճանաչողական-ուսուցողական շրջայցեր և մշակութային ծրագիր: