Վրացի կինոռեժիսոր, սցենարիստ Սոսո Բլիաձեի երկրորդ լիամետրաժ «Չեմի օթախի» («Իմ սենյակը») ֆիլմը Ժնևի Մարդու իրավունքների միջազգային կինոփառատոնում և ֆորումում (FIFDH) մրցանակի է արժանացել:
Կինոնկարը մասնակցել է գեղարվեստական ֆիլմերի մրցույթին։ «Իմ սենյակը» ընտրվել է կինոփառատոնի երիտասարդական ժյուրիի կողմից:
«Մեր կարծիքով՝ ֆիլմը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ վերաիմաստավորման և կրթության միջոցով հնարավոր է ձերբազատվել պահպանողական հասարակությունից և ավանդույթներից։ Ֆիլմում հավասարապես համակցված են փոխվստահությունն ու հումորը»,- այսպես են գնահատել ֆիլմը:
Մինչ այժմ ֆիլմը մրցանակների է արժանացել Կարլովի Վարիի, Քյոլնի, Բելֆաստի, եվրոպական և Թբիլիսիի կինոփառատոներում։
«Իմ սենյակը» ֆիլմը կարելի է դիտել Վրաստանի կինոթատրոններում։
Ընդգծենք, որ հայազգի ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը FIFDH-ում արժանացել է գլխավոր մրցանակի։