Վրացի գրող Դաթո Տուրաշվիլին «Ֆորմուլա» հեռուստաընկերության «17-րդ հարկ» հաղորդաշարի եթերում կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել կլինիկա։
«Հաղորդման ժամանակ նա շատ էմոցիոնալ ելույթ ունեցավ և վատ զգաց իրեն, մենք կես ժամ շուտ ավարտեցինք եթերը, շտապօգնության մեքենան նրան տեղափոխեց կլինիկա»,- փոխանցել է հաղորդման մեկնաբան Սոփո Խունծարիան։
Գրողը հաղորդման ընթացքում քննադատել է երկրում մեծ աղմուկ հանած «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագիծը։
«Երեք օր է մտածում եմ, ինչ սխալ եմ արել սեր բաժանելուց զատ։ Ի դեպ, երբ ռուսները 19-րդ դարում եկան, առաջինները, որ դեմ դուրս եկան, հենց գրողներն էին․ մեզ արգելել են վրացերեն խոսել, գրողներն առաջինն են սպանվել 1970-ականներին։ Մենք դեռ չգիտենք, թե որ հոդվածով էին ձերբակալել Տիցիան Տաբիձեին, Ֆրանսիական գործակա՞լ», — եթերում ասել է գրողը՝ շարունակելով․ «Օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծում հստակ ասվում է, որ ցանկացած անձ կարող է գործակալ դիտարկվել։ Գիտե՞ք դա ինչ է նշանակում։ Փոխանցեք ունկնդիրներին և «նասեդկաներին», որ ինձ վրա չբարկանան, բարկանան նրա վրա, ով ստիպում է մի օր կանաչ կոճակը սեղմել, մյուս օրը՝ կարմիրը…»։
Հիշեցնենք՝ բողոքի ակցիաների մեծ ալիք բարձրացրած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը մարտի 10-ին ցույցերի ճնշման ներքո պաշտոնապես հետ կանչվեց Վենետիկի հանձնաժողովից, իսկ Վրաստանի խորհրդարանն էլ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ տապալեց:
«Օտարերկրյա գործակալների» փաթեթը երկու օրինագիծ էր ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»:
Վիճահարույց այս երկու օրինագծերն էլ խորհրդարան էր բերել իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։
Փաթեթը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։